4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, որին զուգահեռ հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտը շարունակում է քննարկել ղարաբաղյան հարցն ու հնարավոր նոր զարգացումները: Այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և այլ գործիչներ կխոսեն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային գործընթացների վրա հնարավոր ազդեցության մասին:
Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի օրենքի նախագիծ, ըստ որի, ուսման ընթացքում արական սեռի ներկայացուցիչներին զինծառայության համար տարեկետում չի տրվի: Օրենքի նախագծի կարևորության, դրական ու բացասական կողմերի մասին կխոեն պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Շիրակ Թորոսյանը:
Ինչպիսի՞ ժողովրդագրական իրավիճակ ունենք 2016 թվականի հունվար-մարտ ամիսներին: ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը կներկայացնի, թե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում որքա՞ն երեխա է ծնվել, որքա՞ն մահացություն է գրանցվել, ինչպիսի՞ ցուցանիշ ունենք ամուսնությունների և բաժանումների հատվածում և վերջապես աղջիկների, տղաների ո՞ր անուններ են առավել տարածված: Հիշեցնենք, նախորդ տարի աղջիկների տարածված անուններն էին՝ Նարեն, Մարին, Մարիան, տղաների շրջանում՝ Դավիթը, Նարեկը, Տիգրանը:
Աշխատանքային ո՞ր իրավունքներն են առավել շատ խախտվում, նման դեպքերում քաղաքացին ի՞նչ ճանապարհով կարող է իրավունքները վերականգնել, արդյո՞ք արհմիությունների գործունեությունը համարվում է արդյունավետ: Այս և այլ հարցերին են անդրադառնալու ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, հանրային պաշտպան Աշոտ Նուրիջանյանը, Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, Գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Շուշանիկ Բարսեղյանը:
Մայիսի 3-ին «Հայ Արտ» արվեստի կենտրոնում տեղի է ունենալու շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» խորագրով ցուցահանդեսը։ Այն կազմակերպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության խորհրդի անդամ Սոնա Անդրեասյանը, շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինին կներկայացնեն ցուցահանդեսի մանրամասները, կխոսեն նաև համատեղ ծրագրերի մասին։
«ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամը եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատունը համատեղ կազմակերպում են ընդունելություն՝ նվիրված Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին, որը 2017 թվականին անցկացվելու է Բուենոս Այրեսում:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: