Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության տարելիցին Օբամայի վերջին ուղերձը հիստերիայի մեջ է գցել Թուրքիային

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության տարելիցին Օբամայի վերջին ուղերձը հիստերիայի մեջ է գցել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ ԱՄՆ նախագահի` պաշտոնավարության շրջանում Հայոց ցեղասպանության մասին արած վերջին հայտարարությունն անվանել է որպես «պատմության միակողմանի մեկնաբանում»:

Թուրքական կողմին մասնավորապես անհանգստացրել է այն, որ Օբաման իր ելույթում օգտագործել է հայերեն «Մեծ եղեռն» եզրույթը: «Մինչ օրս պատմության ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները քաղաքականության գործիք դարձնելու ջանքերը որևէ մեկին օգուտ չեն տվել», - ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայի արտգործնախարարությունը հորդորել է Միացյալ Նահանգների կառավարությանը «պատմական փաստերին գնահատականներ տալ` հիմնվելով արդար հիշողության վրա` հաշվի առնելով բոլոր կողմերի ցավերն ու ցուցաբերելով օբյեկտիվ, խելամիտ և կառուցողական մոտեցում»:

«Անցյալից նայելով ապագային` մենք շարունակում ենք կարևորել պատմական հիշողությունը` որպես կանխման միջոց, և կոչ ենք անում փաստերի ամբողջական ու ազնիվ ճանաչման, ինչը կծառայի բոլոր կողմերի շահերին: Ես հետևողականորեն հայտնել եմ իմ սեփական տեսակետը 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել: Մենք ողջունում ենք այն մարդկանց տեսակետները, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մթության վրա` սկսած հայ և թուրք պատմաբաններից մինչև Ֆրանցիսկոս պապը: Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին` ողջ աշխարհում հիշելով Մեծ եղեռնի սարսափը և վերահաստատելով մեր աջակցությունը ժողովրդավար, խաղաղ և բարգավաճող Հայաստանին»,-նշել էր Օբաման իր ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում