Քաղաքականություն

Վլադիմիր Կազիմիրովը Ադրբեջանին մեղադրել է բանակցությունները տապալելու մեջ

5 րոպեի ընթերցում

 Վլադիմիր Կազիմիրովը Ադրբեջանին  մեղադրել է բանակցությունները տապալելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ վերջին ռազմական գործողությունների համատեքստում ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կազիմիրովը հոդվածի սկզբում նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամկետների և բարդությունների մասին քիչ չի խոսվել: Կազիմիրովը ոչ սովորական է համարել հակամարտությունն այն առումով, որ նրանում ներգրավված է ոչ թե երկու, այլ երեք կողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան):

Անդրադառնալով ապրիլի 2-ից ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողություններին՝ Կազիմիրովը նշում է, որ զինադադարի հաստատման 22 տարիների ընթացքում դա ամենաարյունոտ և լայնածավալ ռազմական գործողությունն էր: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորմանն ուղղված երկարատև բանակցությունները պաշտոնական Բաքվին հետ չեն պահել նոր ուժ կիրառելուց: «Կարիք կա համակողմանիորեն ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության հակասական գործողությունները՝ այդ երկրի բոլոր իշխանությունների օրոք: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելու քաղաքական պայքարը տեղափոխվեց ռազմի դաշտ, որը առաջին զինված հակամարտությունն էր Խորհրդային Միության տարածքում: Ուժի կիրառումը, անխոս, Բաքվի նախաձեռնությունն էր: Սկսած այդ պահից՝ Բաքվի պահվածքում քիչ զիգզագներ չեն եղել և ռազմական, և քաղաքական-դիվանագիտական առումով: Ցավալի է, բայց արդեն զարմանալի չէ, որ ադրբեջանական կողմը վաղուց հաշվի չի նստում այն պարտավորությունների հետ, որոնք ստանձնել է՝ ստորագրելով պաշտոնական համարվող փաստաթղթեր: Հրադադարի հաստատումից դեռ երեք ամիս առաջ՝ 1994թ. փետրվարի 18-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության նախարարների հետ միասին ստորագրել է արձանագրություն Մոսկվայում հանդիպելու մասին, որտեղ կողմերը պարտավորվում էին հրադադարի հաստատումից հետո իրենց զորքերը հետ քաշել շփման գծից: Բայց հետո Բաքուն հրաժարվեց հետ քաշել իր զորքերը, ինչը հետագայում առիթ տվեց թե պատահական, թե միտումնավոր միջադեպերի: Լարվածության առաջին պատճառներից մեկը հենց սա է»,- գրել է Կազիմիրովը:

Նա հավելել է, որ պետական գործիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները խոսում են այն մասին, որ պայմանավորվածությունները խախտող պետությունը դեռ չի կրում համաձայնագրերը խախտելու պատասխանատվությունը, որովհետև ընդամենը ցավակցություններ և բարի կոչեր պարունակող հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան այդ պետությանը չնեղացնելու փորձ: «Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է հնչեն ստանձնած պարտավորությունները կատարելու մասին ուղիղ կոչերը: Հարկ է նշել, որ Հեյդար Ալիևի իշխանության տարիներին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաման էր տալիս զերծ մնալ հրադադարի խախտումներից և անգամ պատժում էր խախտման պատասխանատուներին: Նույնը անում էին նաև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Հնարավո՞ր է հիմա նման բան: Հակառակը՝ լսելի չէ, որ ինչ-որ մեկը պատասխանատվության է ենթարկվում: Հայտնի է նաև, թե ինչպես է Բաքուն հերոսացրել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Իլհամ Ալիևը մշտապես խոսում է «օկուպացված տարածքների» վերադարձի մասին՝ մոռանալով, որ ամեն ինչ տեղի է ունեցել հենց Բաքվի սխալ հաշվարկների պատճառով: Սա էլ հակամարտության խնդիրներից մեկն է, սակայն առաջինը չէ իր նշանակությամբ և հակամարտության կարգավորման տեսանկյունից»,- ասված է հոդվածում:

Կազիմիրովը շեշտում է, որ հակամարտության նախահիմքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, իսկ Բաքուն հրաժարվում է այդ հարցը լուծելուց:

Կազիմիրովը ներկայում հրատապ խնդիր է համարում, որ միջազգային հանրությունը և միջնորդները ընդունեն Ադրբեջանի իշխանությունների կեղծ խաղը և իրերը կոչեն իրենց անուններով: «Արդեն բավական են հակամարտության կողմերին վերաբերող ընդհանուր հայտարարությունները: Ժամանակն է ավելի հասցեական խոսել, իրերն իրենց անունով կոչել, ցույց տալ, թե որքան բացասական վարքագիծ ունի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը»,- եզրափակել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում