Քաղաքականություն

ԻՀԿ փաստաթղթում տեղ գտած ԼՂ ձևակերպումներն աղավաղում են հակամարտության էությունը. Շավարշ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

 ԻՀԿ փաստաթղթում տեղ գտած ԼՂ ձևակերպումներն աղավաղում են հակամարտության էությունը. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական համագործակցություն կազմակերպության ամփոփիչ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են ԼՂ հակամարտության էությունը, որը արդյունք է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճշնելու քաղաքականության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «News.am» գործակալության հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Տվյալ ձևակերպումներով մերժվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հանդիսանում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության նպատակներից մեկը և որի հիման վրա ձևավորվել է այդ կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը:

Իրական ագրեսոր Ադրբեջանը ներկայացվում է որպես զոհ, ինչը նա համարելու է աջակցություն ագրեսիայի նոր ալիք ծավալելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու իր ջանքերին:

Տարակուսանք է առաջացնում, որ ինքնորոշված ժողովրդի դեմ ծայրահեղ ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով պայքարող Ադրբեջանը և տարածաշրջանում անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիք տարածող Թուրքիան կարողացան իրենց՝ միջազգային և միջնորդ երկրների ջանքերին հակադիր սադրիչ մոտեցումները հերթական անգամ ներառել Իսլամական համագործակցության կազմակերպության փաստաթղթում»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում