Քաղաքականություն

Թուրքիան բացահայտում է ահաբեկչության ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը. Շավարշ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան բացահայտում է ահաբեկչության ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայատարարություններին` նշելով, որ նա շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասխանելով «News.am» գործակալության հարցին` «Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունները», Շավարշ Քոչարյանը նշել է. « Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որևէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու: Բաքվի կողմից ղաբարաղա-ադրբերաջանական շփման գծում սանձազերծած ապրիլի 2-5-ի իրադարձությունները և Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են:

Թուրքիայի արտգործնախարարը Իսլամական համագործակցության կազմակերպությունում ունեցած իր ելույթում, շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:

Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս: Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարն, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը:

Համոզված ենք, որ մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում