Հասարակական

Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ դասախոսություններով հանդես կգան Հայաստանում

3 րոպեի ընթերցում

Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ դասախոսություններով հանդես կգան Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ նոբելյան մրցանակակիր, հետաքրքիր դասախոսություններ, քննարկումներ. «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը հավակնում է դառնալ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր գիտական իրադարձություններից:

«Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը միջոցառման մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ Հայաստանում կանցկացվի աննախադեպ միջոցառում: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կարգախոսն է «Ոգեշնչվիր և ստեղծիր»:

«Մեկ հարկի տակ հյուրընկալում ենք միաժամանակ հինգ նոբելյան մրցանակակրի: Սա աննախադեպ է, քանի որ շատ երկրներ չեն կարող հպարտանալ, որ մեկ հարկի տակ կարող են այդքան մրցանակակիր միավորել: Միջոցառման հիմնական թիրախն ուսանողներն են, սակայն մենք փորձեցինք ներգրավվել նաև աշակերտներին: Համոզված ենք, որ գիտության նկատմամբ սերը պետք է առաջանա դպրոցական նստարանից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կոնստանտին Ենկոյանը:

Կոնստանտին Ենկոյանի տեղեկացմամբ` գիտական իրադարձության շրջանակում հանդիպում կկազմակերպվի նաև աշակերտների հետ: «Հինգ դափնեկիրները ներկայացնում են բժշկագիտության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի ոլորտները»,-շեշտեց նա:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը կարևորեց «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման անցկացումը:

«Մեր հյուրերը` նոբելյան դափնեկիրներն արդեն այստեղ են: 5 դափնեկիր ապրիլի 12-ից սկսելու են հանդես գալ դասախոսություններով: Դրանք վերաբերելու են այն ուղղություններին, որոնցում բարձր արդյունքների համար գիտնականներն արժանացել են Նոբելյան մրցանակների»,-նշեց նա:

ԵՊԲՀ ռեկտորի տեղեկացմամբ`նոբելյան մրցանակակիրներից Աարոն Չիխանովերը 2010 թվականին արդեն եղել է Հայաստանում:

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը տեղի կունենա ապրիլի 12-15-ը: Այն անցկացվում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ և տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն է տալու կենդանի շփում ունենալ գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ: Մասնակիցներն են Նոբելյան մրցանակակիրներ Աարոն Չիխանովերը, Էյ-Իշի Նեգիշին, Դեն Շեխտմանը, Ադա Յոնաթը, Ջոն Ուորենը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում