Սերժ Սարգսյանի բեռլինյան բանակցություններում խոսվել է Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևի ընդունումից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Բեռլինում կայացած բանակցությունների ժամանակ խոսվել է մինչև խորհրդարանական ամառային արձակուրդ Բունդեսթագի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ փաստաթղթի ընդունման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Deutche Welle-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահն անցյալ տարի ապրիլին Բեռլինի տաճարում իր ելույթի ժամանակ շատ ճիշտ խոսքեր գտավ: Մենք երախտապարտ ենք նրան դրա համար: Բացի այդ, ես հուսով եմ, և այդ մասին խոսվել է Բեռլինում բանակցությունների ժամանակ, որ մինչև խորհրդարանական ամառային արձակուրդ Բունդեսթագը կընդունի համապատասխան որոշում բոլոր խմբակցությունների մասնակցությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ապրիլի 6-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: «Դոյչե Վելե»-ին տված հարցազրույցում նախագահը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, ԵԱՏՄ-ին անդամակցության և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ հարցերի: