ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիներ առաջ ղարաբաղյան ազատամարտին մեկնեցին ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Ապրիլի 7-ի տոնի կապակցությամբ, ինչպես նաև շփման գծում շարունակվող մարտական գործողությունների առիթով զրուցեցինք Արցախյան գոյամարտի մասնակից Շուշան Աբրահամյանի հետ: «Արցախն այլևս մենակ չէ, շատ ուրախ եմ, որ այս օրերին այսքան լրագրող է գնացել: 1990-ականներին ընդամենը երկու լրագրող կար, իսկ հիմա մենք ազգովի հավաքվել ենք»,- «Արմենպրես»,-ի հետ զրույցում նշեց նա: Աբրահամանյանն ասում է, որ եթե ոմանց կարծիքով քարոզչական պատերազմում հայկական կողմը երբեմն տանուլ է տվել, ապա դա նրանից է, որ այս խնդրին շատ երկար ժամանակ նայել են մատների արանքով: Բայց հիմա ցույց տվեցինք, որ իրականությունն այդպիսին չէ ու չի էլ կարող լինել:
Աբրահամյանն ասում է, որ ազգովի նորից համոզվեցինք՝ Արցախը համայն հայության փարոսն է: Նա ոգևորությամբ նշեց, որ կամավոր մարտի դաշտ մեկնողներից ոչ ոք կուսակցական պատկանելություն չունի: «Բոլորիս կուսակցական պատկանելությունը հայրենիքն է: Մեզ պետք է լսեն, մեզնից պետք է սովորեն, և տեսնեն, թե ինչի ենք ընդունակ»,- ասաց գոյամարտի մասնակից Շուշանը: Նա նաև ցանկացավ սփոփանքի խոսք փոխանցել բոլոր զոհվածների մայրերին, ում համար ապրիլի 7-ի պայծառ տոնը մռայլվել է: «Հուսամ՝ նրանք ուժ կգտնեն ու հպարտությամբ կասեն, որ իրենց դաստիարակած որդիները զոհվել են հանուն հայրենիքի»,- հավելեց Աբրահամյանը:
«Համբուրում եմ բոլոր կամավորագրվողների ճակատները, որ չեն թողնում մեր երեխաներին միայնակ»,- ասաց նա,- «Այսօրվա սերունդը 1994 թ. հետո ծնվածներն են, որ պատերազմը տեսել են միայն ֆիլմերում, բայց միևնույն է՝ գնում են կռվի»: Աբրահամյանի խոսքերով՝ եթե աղջիկներն են ձգտում մեկնել մարտի դաշտ, ուրեմն առաջ գնալու տեղ կա, և բոլորը պարտավոր են դա անել:
Նրա համոզմամբ՝ կանայք պետք են ամենուր, պատերազմում՝ ևս: Սեփական կաշվի վրա է զգացել, թե ինչպես է կնոջ ներկայությունը կռվող տղաներին զգաստացնում ու պարտավորեցնում: Ոչ միայն վիրակապելով, այլև զուտ իր ներկայությամբ կինը կարող է շատ հարցեր լուծել: Աբրահամյանն ասում է, որ մարտի դաշտում կնոջ ու տղամարդու միջև տարբերություն չկա. նրանք հավասար են գաղափարապես, պայքարելու և իրար օգնելու հարցում: «Հիմա բոլորս պետք է զգոն լինենք. հրադադարը հաղթանակ չէ, այլ մի քանի օրվա խաղաղություն»,- ավելացրեց նա: