Քաղաքականություն

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է չեզոք գոտում Ադրբեջանի զինուժի կորուստները փաստող լուսանկարները

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է չեզոք գոտում Ադրբեջանի զինուժի կորուստները փաստող լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում Ադրբեջանի զինուժի կորուստները փաստող լուսանկարներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ԼՂՀ ՊՆ տվյալներով` ադրբեջանական կողմն ունի 200 զոհ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում