«Նորմա»-ն վերադառնում է օպերային թատրոնի խաղացանկ
4 րոպեի ընթերցում
![«Նորմա»-ն վերադառնում է օպերային թատրոնի խաղացանկ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/04/841687.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վ. Բելինիի «Նորմա» օպերան վերադառնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ: Ներկայացումը կցուցադրվի ապրիլի 4–ին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը «Նորմա»-ի փորձի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց, որ օպերային թատրոնն իրականություն է դարձնելու երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի բոլոր ծրագրերը:
«Մենք կորցրեցինք մեր ավագ եղբորը, մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարին` Գեղամ Գրիգորյանին: Բավականին մեծ ծրագրեր էինք նախատեսել: Բայց կյանքն այլ կերպ տնօրինեց… Ապրիլի 4-ին կներկայացնենք «Նորմա» օպերայի վերականգնված տարբերակի պրեմիերան, որը երևի թե առաջին ծրագրերից էր, որ պետք է իրականացնեինք Գեղամ Գրիգորյանի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Անդրանիկ Արզումանյանը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն էլ շեշտեց, որ մեծ պատիվ է ունեցել աշխատելու Գեղամ Գրիգորյանի հետ:
«Գեղամ Գրիգորյանի ցանկությունն էր «Նորմա»-ի պրեմիերան ներկայացնել: Ես չեմ գիտակցում, որ այն, ինչ տեղի է ունեցել, իրական է: Մենք կանենք այս պրեմիերան` հարգելու նրա հիշատակը: Ես շատ բան եմ սովորել նրանից: Նա ուղղակի լավ երգիչ չէր, նա շատ լավ երաժիշտ էր, մեծ գիտելիքներ ուներ»,-նշեց Մարչիանոն:
«Նորմա» օպերայի բեմադրիչն է Բորիս Հայրապետյանը (Ռուսաստան). դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա): Գլխավոր դերերում ներկայացումների տարբեր օրերին հանդես կգան Մարինե Դեինյանը և Դիանա Հարությունյանը (Նորմա), Հայկ Տիգրանյանը, Պողոս Բեազբեկյանը և Հովհաննես Ներսեսյանը (Օրովեզո), Սարգիս Աղամալյանը, Հովհաննես Նազարյանը և Լիպարիտ Ավետիսյանը (Պոլիոն) և այլ արտիստներ:
Նորմայի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարինե Դեինյանն ազդված է Գեղամ Գրիգորյանի մահվանից.
«Շատ վատ բան տեղի ունեցավ: Մենք կորցրեցինք ոչ միայն մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարին: Մեր ազգը կորցրեց իր նշանավոր դեմքերից մեկին: Երբ դրսում հյուրախաղեր էի ունենում, և ասում էի, որ Հայաստանից եմ, ինձ Արամ Խաչատրյանից հետո Գեղամ Գրիգորյանի մասին էին հարցնում: Մենք փորձում ենք իրականացնել իր պլանները: Նա պլանավորել էր, որ «Նորմա»-ն պետք է վերականգնվի: Ես անձամբ երգել եմ իր հետ տարիներ առաջ: Փորձելու ենք իրականացնել իր ցանկությունները, հասցնենք ավարտին»,-շեշտեց նա:
Վինչենցո Բելինիի «Նորմա» քնարերգական ողբերգության առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1831 թ. դեկտեմբերի 26-ին։ Օպերան համարվում է Վ. Բելինիի լավագույն ստեղծագործությունը, այն նաև բելկանտո ոճի երաժշտության անկյունաքարերից մեկն է։ Բելինին մի առիթով ասել է. «Եթե նավաբեկություն լիներ, ապա իմ օպերաներից միակը, որն անհրաժեշտ էր փրկել, «Նորման» է»:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տասնամյակներ շարունակ Նորմայի դերում հանդես է եկել մեծանուն օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը։ Երևանում «Նորմա» օպերան ունեցել է երկու բեմադրություն՝1975 և 2001 թթ.։