3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանի Musicology Today երաժշտագիտական հանդեսի այս տարեսկզբի հերթական համարը նվիրված է հայկական ավանդական երաժշտությանը:
Նախաբանը գրել է Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանի դասախոս, դոկտոր պրոֆեսոր Նիկոլաե Գեորգիցան: Հայ ավանդական երաժշտությունը և հայկական խազերը հակիրճ ներկայացնելու համար ամսագրում օգտագործվել են հայ երաժշտագետների մի քանի ուսումնասիրություններ, մասնավորապես, երգահան Արթուր Շահնազարյանի «Կարճ պատմական ակնարկ հայկական եկեղեցական երաժշտության և խազերի մասին» և «Հայկական խազերի բանալին» հոդվածները, արվեստաբան Աննա Արևշատյանի «Կոմիտաս և Գրիգոր Գապասաքալյան. Խազային կապեր» հոդվածը և նույն հեղինակի «Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում» մենագրության գրախոսությունը, որը արվել է արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Մհեր Նավոյանի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդեսում ներկայացվել են նաև հեղինակների կարճ կենսագրականները: Հայ եկեղեցական երաժշտությանը նվիրված հոդվածաշարի մասին Նիկոլաե Գեորգիցայի և Ռումինիայում Հայաստանի դեսպանության միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2015թ. ապրիլին, Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանում Կոմիտասին նվիրված Արթուր Շահնազարյանի դասախոսությունից հետո, որին մարտ ամսին նախորդել էր Գյուրջիեւի ժողովրդական նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լեւոն Էսքենյանի դասախոսությունը` հայկական ժողովրդական մեղեդիների ակունքների եւ դրանց բացահայտման մեջ Կոմիտասի դերի մասին:
Տեղեկանք. Musicology Today-ը Ռումինիայում միակ անգլալեզու եռամսյա երաժշտական հանդեսն է, հիմնադրված 2010թ., որի հիմնադիր եւ գլխավոր խմբագիրն է ռումին անվանի երաժշտագետ եւ դաշնակահար, պրոֆեսոր Վալենտինա Սանդու-Դեդիուն/Valentina Sandu-Dediu: Խմբագրակազմի մեջ են Գրիգորե Կոնստանտինեսկուն/Grigore Constantinescu (Բուխարեստ), Հելմութ Լուսը/Helmut Loos (Լայպցիգի համալսարան), Կոստին Միերեանուն/Costin Miereanu (Սորբոնի համալսարան), Ժան-Ժակ Նատիեզը/Jean-Jacques Nattiez (Մոնրեալ), Դորաթի Ռեդեպենինգը/Doratheea Redepenning (Հեյդելբերգ): Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է լայն տարածում ունեցող EBSCO, RILM առցանց գրադարաններում:
Հայկական եկեղեցական երաժշտության մասին ամսագրի համարը կարելի է տեսնել հետևալ հղումով: