Մշակույթ

Արմեն Գրեյգը վստահ է «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջողության հարցում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Գրեյգը (Գրիգորյան) ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում խաղացած իր դերը լավագույնն է համարում: Դերասանը վստահ է` արցախյան թեման արծարծող նոր կինոնկարն անպայման հաջողություն կունենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Գրեյգը պատմում է մարմնավորած հերոսի, Ջիվան Ավետիսյանի հետ աշխատանքի ու առաջիկա ծրագրերի մասին:

Արմեն Գրեյգը` դերի մասին

Ֆիլմում մարմնավորում եմ ադրբեջանցի պարետի, ով բավականին խիստ է և իր սեփական պատկերացումն ունի այն հարցում, թե ինչ է անում և ինչի համար է պատերազմում: Նա զինվոր է և պատերազմում է իր երկրի համար. ես կարող եմ նրան հասկանալ, որովհետև նա հրամանների է ենթարկվում: Մենք հիմա չենք խոսում, թե իրականում ինչի համար է նա պայքարում. նա անում է դա և վատ չի անում: Նա ունի նաև լավ կողմեր, իր ձևով հասկացող մարդ է, բայց երկների միջև հարաբերություններն այդպես են ձևավորվել. դրանից չես փախչի:

Հետևել եմ հոտառությանս

Ես ուղղակի հետևել եմ իմ հոտառությանը, պատկերացրել կերպարը, փորձել ստանալ նրա բնավորությունը: Թե ինչպիսին է նա դարձել, կտեսնենք էկրաններին:

Ոչ պոպկորնային լուրջ ֆիլմ

Իմ կարծիքով ֆիլմը «պոպկորնային» ժանրի չէ: Ֆիլմ է, որը պետք է դիտել հատուկ ուշադրությամբ: Վստահ եմ, որ այն հաջողություն կունենա, հնարավոր է` ոչ դրամարկղային լինի, բայց չեմ կասկածում, որ ֆիլմի փառատոնային կյանքը հարուստ կլինի: Սա այն թեման է, որը հետաքրքիր կլինի շատերին և շատ երկրներում: Այստեղ մարդկային զգացողություններն են` ապրումներ, հարաբերություններ, ընկերություն և հետո միայն պատերազմ ու դրա հետևանքները: Կարծում եմ, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա:

Տեսել եմ Ջիվանի ֆիլմերից…

Մինչև ֆիլմում աշխատելը ճանաչում էի Ջիվանին (Ջիվան Ավետիսյան, ֆիլմի ռեժիսոր-հեղ.): Մենք միասին 2013-ին եղել ենք Կաննի կինոփառատոնում, ես տեսել եմ Ջիվանի որոշ աշխատանքներ:

Ինձ համար հաճելի էր նրանից ստանալ ֆիլմի մաս լինելու առաջարկությունը: Թեև ֆիլմում փոքր մասնակցություն ունեմ: Որպես դերասան` ինձ համար հեշտ է եղել աշխատել նրա հետ: Ես կարծում եմ, որ սա իմ լավագույն դերերից է, ինչի համար շնորհակալ եմ նրան:

Շատ հեշտ էր նաև աշխատել դերասանների հետ. անձնակազմը շատ լավն էր ու պրոֆեսիոնալ: Նրանցից ոմանց հետ ավելի վաղ աշխատել եմ:

Հայրենիքը և Բիթլզ քառյակը

Նկարահանումների ընթացքում ես բացահայտեցի նաև իմ հայրենիքը: Հորս մայրը նույնպես Ղարաբաղից է, այնքան հաճելի էր գտնվել նախնիների հողում: Հաճելի էին դերասանական կազմի հետ երեկոյան հավաքները, ընթրիքներն ու զբոսանքը քաղաքով: Երբ մենք մի երեկո Սոս Ջանիբեկյանի, Հոմայուն Էրշադիի և Ալեքսանդր Խաչատրյանի հետ զբոսնում էինք, խնդրեցի նրանց Բիթլզի պես քայլել հետիոտների հատվածում: Նկարվեցինք: Զվարճալի ստացվեց:

Առաջիկա ծրագրեր

Ես, ցավոք, քիչ եմ աշխատում Հայաստանում, աշխատում եմ Հնդկաստանում, Էմիրություններում: Հիմա էլ սկսել եմ Մոսկվայում գործունեություն ծավալել: Մոսկվայում ավարտել ենք հատուկ ծառայությունների մասին սերիալի պիլոտային մասի նկարահանումը, որտեղ ես խաղում եմ Թիմուրի դերը: Նա հատուկ ջոկատի կապիտանն է: Զուգահեռ նկարահանվում եմ Էմիրություններում, «Կյանքի էլիքսիր» կինոնկարում: Ավարտել եմ նկարահանվել հոլիվուդյան «Պատերազմի մեքենա» ֆիլմում, որտեղ փոքր կերպար եմ մարմնավորել` զինվոր Գրեկոյին: Կինոնկարի մի մասը Էմիրություններում է նկարահանվել: Ֆիլմում գլխավորում դերում խաղում է Բրեդ Փիթը: Ապրիլին Դուբայում սկսվում են ֆիլմի նկարահանումներ, որտեղ մարմնավորում եմ ռեստորանի տիրոջ կերպար: Նաև նկարահանվելու եմ Հայաստանում ` ռուսական «Հայրեր» սերիալում. մարմնավորելու եմ հատուկ գործակալի դերը:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համար երաժշտություն է գրել աշխարհահռչակ Սերժ Թանկյանը, որից«Արմենպրես»-ն ավելի վաղ հարցազրույց է վերցրել կինոնկարի մասին:«Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում` կրակների մեջ այրում իր ամուսնուն: «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընկդգրվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտվայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)`Ռուսաստանից։

Զրույցեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն