ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանն այն հերոսներից էր, որ կարողացավ շատ բան փոխել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Գեղամ Գրիգորյանը կատարողական արվեստում ամենահայտնի հայերից մեկն է եղել: Ինձ, նվագախմբի և Հայաստանի համար նրա մահը մեծագույն կորուստ է, որովհետև Գեղամ Գրիգորյանի նման մարդիկ են, որ թույլ են տալիս մեզ գնալ առաջ: Այն ոգևորությունը, որ մարդիկ ապրում էին` լսելով նրա ձայնը և տեսնելով իրեն, աննկարագրելի է: Գեղամ Գրիգորյանը երգիչ էր, որը փոխեց շատերի վերաբերմունքը դեպի հայ ժողովուրդը: Դա երևի ամենամեծ բանն է: Շատ մեծ ցավ եմ ապրում, որ այդ տարիքում նա հեռացավ: Շատ դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի առանց նրա»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը վերհիշեց, որ ինքը և նվագախումբը նախորդ տարի Գեղամ Գրիգորյանի հետ հանդես գալու բախտ են ունեցել: 2015 թվականի սեպտեմբերի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունեցել Գեղամ Գրիգորյանի և անվանի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի մասնակցությամբ համերգ:
«Նրա վերջին համերգն էր, բեմում՝ մեր նվագախումբը: Մենք ունեցել ենք նրա հետ հանդես գալու բախտավորությունը: Հերոսներ, որոնք կարող են բան փոխել, շատ քիչ ունենք: Գեղամ Գրիգորյանը նրանցից մեկն էր»,-հավելեց Սերգեյ Սմբատյանը:
Մահացել է անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ,«Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին, ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան այգու պանթեոնում: