Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 24.03.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 24.03.2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 24-ին, ՀՀ կառավարության հերթական նիստն է: Գործադիրը կքննարկի Հայաստանում տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում երեք տարի ժամկետով կհետաձգի որոշ ընկերությունների ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Այս և այլ հարցերը կքննարկվեն կառավարության նիստին, իսկ ահա նիստից դուրս` գործադիրի շենքի մոտ, կրկին բողոքի ակցիա է ու կրկին տաքսու վարորդներն են: Նրանք բողոքում են ընդդեմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության։

Կառավարության նիստից բացի, տուբերկուլոզի թեման կշոշափվի Առողջապահության նախարարությունում: Մարտի 24-ը` Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա կապակցությամբ առողջապահության ոլորտի մասնագետները կներկայացնեն հիվանդության հետ կապված վերջին ցուցանիշները, տուբերկույլոզի դեմ պայքարին ուղղված Հայաստանում իրականացվող ծրագրերը։

«Արտահանման աջակցման և ֆինանսավորման հնարավորությունները» թեմայով համաժողով` Երևանում: Համաժողովի ընթացքում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» և «Արմսվիսբանկ»-ի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:

«Էքսպրես Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից տուժածների փաստաբաններ՝ Արթուր Ապիկյանը և Ինգա Ավագյանը նախատեսում են խոսել վարկային կազմակերպության կողմից իրականացվող անօրինական գործողությունների, հարուցված քրեական գործի և կազմակերպության կողմից դատական գործընթացը խոչընդոտելու մասին:

Մերձավորարեւելյան արդի զարգացումներին նվիրված կլորի սեղանի շրջանակում դասախոսությամբ հանդես կգա Փարիզի Սորբոնի համալսարանի աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Ռայմոն-Հարություն Գեւորգյանը: Դասախոսության թեման է՝ «Մեծ տերությունները եվ Մերձավոր Արեւելքի արդի աշխարհաքաղաքական իրավիճակը»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կանցկացվի Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Կներկայացվեն սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը: Կքննարկվեն 2015 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած, ինչպես նաև՝ ապաստան հայցող սիրիահայերի հետ տարվող աշխատանքների հետ կապված հարցերը:

Մարտի 25-ը Հունաստանի անկախության օրն է: Օրվան ընդառաջ լրագրողներին կհանդիպեն «Իլիոս» հունական ՀԿ նախագահ Սլավա Ռաֆայելիդիսը և «Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար խնդիրների ասոցիացիա»-ի նախագահ գեներալ-լեյտենանտ Էդուարդ Մանեվիդիսը: Նրանք կներկայացնեն սպասվող տոնական միջոցառումները, Հայաստանում հունական համայնքի խնդիրները:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կանցկացվի դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի Երիտասարդական մրցանակի հավակնորդների առաջին՝ ընտրական փուլը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում