3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ»ֆիլմը ցուցադրվել է Կանադայի Մոնրեալ և Օտտավա քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կինոնկարի մտահղացման հեղինակ,գլխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանը:
«Ֆիլմը Մոնրեալում ցուցադրվել է երկու անգամ` մարտի 8-ին և 18-ին: Օտտավայում ֆիլմը ցուցադրվել է մարտի 11-ին: Մոնրեալի և Օտտավայի ցուցադրությունների հիմնական կազմակերպիչը Կանադայի հայ կանանց միությունն էր: Տեղի հեռուստակայաններից մեկը ցանկացավ ցուցադրել ֆիլմը, սակայն չեմ համաձայնել, քանի որ այն պետք է դեռ փառատոնների ներկայացվի»,-տեղեկացրեց Մանվել Սարիբեկյանը:
Նրա խոսքով` ֆիլմը բավականին լավ է ընդունվել հատկապես այլազգի հանդիսատեսի շրջանում: Կազմակերպիչները ցանկանում են կինոնկարը ցուցադրել նաև այլ քաղաքներում:
Մանվել Սարիբեկյանի տեղեկացմամբ` ֆիլմը շուտով հասանելի կլինի ռուսերենով. Մոսկվայում իրականացվող ձայնագրման աշխատանքներին աջակցում է«Պարադիզ» ընկերությունը:
«Ֆիլմի հայերեն և անգլերեն տարբերակներն արդեն կան: Ապագայում նախատեսում ենք ձայնագրել ֆրանսերեն և գերմաներեն տարբերակները»,-շեշտեց նա:
Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ»ֆիլմը հանրությանը ներկայացվեց 2015-ին:Ռեժիսոր Արամ Շահբազյանի խաղարկային փաստավավերագրական ֆիլմը համամարդկային ցավի,մի ազգին պատահած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով:Կինոնկարը նկարահանվել է ինը երկրի 29 քաղաքներում:Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան,ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը:Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:
Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են`Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա),Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Ֆիլմում ցեղասպանությունն է,սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում: