Թուրքիայի ԱԳՆ-ն հիստերիայի մեջ է Ցեղասպանության մասին Հունաստանի ղեկավարների հայտարարություններից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան հիստերիայի մեջ է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի վերջին հայտարարություններից Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այդ հայտարարությունները որակել է որպես «թուրքական ինքնության դեմ ուղղված հիվանդագին մոտեցման արդյունք»:Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը Հունաստանի ղեկավարների հայտարարություններն «իրականությունից կտրված, միակողմանի և անօրինական» է անվանել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին այցելել էր Հունաստան՝ հանդիպելով բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և նախագահ Պավլոպուլոսի և վարչապետ Ցիպրասի հետ: Հունաստանի նախագահը Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել էր. «Երբ մենք` հույներս և հայերս, հիշեցնում ենք Հայոց, Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունների մասին, դա չենք անում թուրք ժողովրդի նկատմամբ վրեժի հիմքից: Մեր գործը հավերժ հիշելն ու ապագայում մարդկության դեմ նման հանցագործություններ թույլ չտալն է: Հենց այս հիշողություններն ու այս դասերն են մեզ միավորում երեկ Անկարայում կազմակերպած ողբերգության հանցագործ ահաբեկիչների դեմ»: