Մտավորականը երբեք չպիտի մտածի իր գնահատվածության մասին. Հրանտ Թոխատյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի և «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնի համատեղ «Պատվերով հարցազրույց» նախագծի հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ում հետ հարցազրույցը պատվիրել էր մեր նախորդ հյուրը՝ Մկրտիչ Արզումանյանը:

- Պարոն Թոխատյան, Դուք բանակում ծառայե՞լ եք:

Հրանտ Թոխատյան - Ես բանակում չեմ ծառայել, այն ժամանակ կային զինվորական ամբիոններ, բայց ԼՂՀ ՊԲ -ի կապիտանի կոչում ունեմ: Երկար ժամանակ վարում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տելեթոնը, որի 20-ամյակին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հրավեր էր կազմակերպել Արցախում: Պաշտոնական ընդունելությունից հետո ցանկանում էր ինչ-որ մի բանով շնորհակալ լինել և հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել: Ես էլ խնդրեցի, որ ինձ կապիտանի կոչում շնորհի: Նա զարմանքով նայեց ինձ և հարցրեց, «Իսկ ինչու՞», ես էլ ժպիտով ասացի, որ ուզում եմ, որ իմ երեխաները լինեն «дети капитана Гранта»:

-Պարոն Թոխատյան, աշխատանքային գործունեության ո՞ր փուլում եք գտնվում: Ներկայում ինչո՞վ է զբաղված Հրանտ Թոխատյանը:

Հրանտ Թոխատյան - Ուզում ենք առաջիկայում բեմադրել երեք ներկայացում: Հանդիսատեսին սպասվում է «Mea Culpa - Իմ մեղքը» ներկայացման շարունակությունը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Մյուս ներկայացումը կբեմադրվի Նարեկ Դուրյանի հետ, և մի ներկայացում էլ ունեմ Ռուսաստանի Դաշնությունում:

-Եթե դիտարկենք վերջին տարիներին թատրոնում, կինոյում եղած արտադրանքը, ըստ ձեզ ի՞նչն է գերիշխում, ի՞նչն է ճաշակ թելադրում:

Հրանտ Թոխատյան - Եթե մենք խոսում ենք ճաշակ թելադրելու մասին, ապա, բնականաբար, դա թատրոնը պիտի լինի, սակայն, ցավոք, այսօր ճաշակ ձևովորում է հեռուստատեսությունը, ինչը ոչ միշտ է ճիշտ: Կարծում եմ, որ մեր հեռուստաեթերը մեծ մասամբ բացասական ինֆորմացիա է հաղորդում հեռուստադիտողին: Ցավոք, չկան մուլտֆիլմեր փոքրիկների համար, նորմալ հաղորդումներ չկան փոքրիկների համար, դպրոցական հասակի երեխաների համար չկան գիտահանրամատչելի հաղորդումներ, երիտասարդների և ավելի հասուն տարիքի մարդկանց համար կան ֆիլմեր, հեռուստասերիալներ, որոնք, կարելի է ասել, չեն համապատասխանում բարձր պահանջներին: Իհարկե, փորձում են, ինչ-որ բաներ ստացվում են, որոշ բաներ շտկվում են, բայց և այնպես, ընդհանուր առմամբ, ես այդ ամենը գնահատում եմ բացասական:

-Հաճախ է խոսվում այն մասին, որ հասարակության համար կարևոր հարցերի վերաբերյալ մտավորականությունը չի արտահայտվում կամ գուցե բավարար չափով ակտիվ չէ: Դուք համամի՞տ եք այս գնահատականին: Չնայած վերջերս խոսեցիք պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին:

Հրանտ Թոխատյան - Համաձայն չեմ մի քանի պատճառով: Եթե որպես օրինակ վերցնենք իմ աշխատանքային ոլորտը, ապա ես չեմ պատկերացնում, որ Արմեն Խանդիկյանը, Ժիրայր Դադասյանը, Արա Երնջակյանը և այլոք, դադարեցնեն փորձերը, դուրս գան փողոց և սկսեն աղաղակել: Այդ մարդիկ իրենց տեղում պիտի զբաղվեն դրանով: Իմ բնագավառի ներկայացուցիչների համար կարծիք արտահայտելու կամ որևէ խնդրի մասին խոսելու համար գոյություն ունի բեմ:

Իմ ծրագրային ներկայացումներում, որոնցում հանդես եմ գալիս, հիմնականում երկրի ապագայի, անցյալի, սոցիալական խնդիրների մասին թեմաներ են արծարծվում և տարբեր խնդիրների մասին հարցեր են բարձրացվում ու հաճախ չափից ավելի սուր են այդ հարցերը բարձրացվում:

-Դուք նաև մասնակցում եք Ստեփանակերտի թատրոնի վերականգնման աշխատանքներին: Կպատմե՞ք մի փոքր այդ մասին:

Հրանտ Թոխատյան - Այո, Ստեփանակերտի թատրոնը ունի հրաշալի շենք, ցավոք, այն կառուցված է քանդված եկեղեցու հիմքի վրա, բայց գոնե կառուցել են արվեստի տաճար, ինչը մի փոքր սփոփիչ է, և այդ շենքը շատ վատ վիճակում է գտնվում: Հարկավոր է վերականգնել շենքը, քանի որ կարծում եմ, որ բացի զենքից և զինամթերքից, այսօր Արցախին անհրաժեշտ են թատրոն, մարզասրահ, մշակութային դպրոցներ, համերգասրահներ և այլն...

Եթե ես վստահ եմ, որ դա իմ երկիրն է ու վերցված է թշնամուց արյան գնով, ուրեմն պիտի վստահ լինեմ նաև, որ այնտեղ աճում է հոգևոր առումով առողջ սերունդ:

-Մտավորականի մասին խոսելիս տարբեր կարծիքներ են հնչում: Նշվում է, որ որոշ մարդիկ գերագնահատված են, որոշները` հակառակը: Ձեր կարծիքով, հասարակության մեջ ինչպե՞ս է ընկալվում մտավորականը:

Հրանտ Թոխատյան - Մտավորականը երբեք չպիտի մտածի իր գնահատվածության մասին, նա պիտի զբաղվի իր աշխատանքով: Մտավորականի աշխատանքի գնահատականը տալիս է իր սպառողը: Օրինակ բերեմ մեկ այլ բնագավառից:

Բոլորս ճանաչում ենք Վիկտոր Համբարձումյանին, բայց չեմ կարծում, որ մենք բոլորս աստղագետ ենք: Այդ մասնագիտությունից բավականին հեռու լինելով՝ մարդիկ գիտեին, որ կա Վիկտոր Համբարձումյան:

Մենք այսօր քիչ ունենք այդպիսի մարդիկ, ում կձգտի նմանվել երիտասարդությունը, կամ պարզապես լավ չենք լուսաբանում այդ մարդկանց գործունեությունը:

Իմ սերնդակիցներից շատերը ցանկանում էին դառնալ բժիշկ, ուսուցիչ, տիեզերագնաց և այլն...

Այն ժամանակ հարգանքը դեպի մասնագիտությունը շատ մեծ էր, իմ փորձով դա գիտեմ: Քսան տարեկան երիտասարդ տղա էի, երբ եկա Օշականի դպրոց դասավանդելու: Ավտոբուսից իջնում էի, պատի տակ նստած ծերերը ոտքի էին կանգնում ու ասում էին. «Մեր վարժապետը եկավ»:

-Ձեր մասնագիտական ուղուց կարո՞ղ եք նշել մի շրջան, որն առավել հոգեհարազատ է ձեզ, միգուցե առանձնացնում եք դա՝ այս կամ այն գործոնով պայմանավորված:

Հրանտ Թոխատյան - Իհարկե, այն շրջանը, երբ ես դասավանդում էի Օշականի միջնակարգ դպրոցում: Ես մասնագիտությամբ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ եմ: Այնտեղ դասավանդել եմ ութը տարի: Դրանք մինչ այժմ ինձ համար կարոտով հիշվող տարիներ են:

Լևոն Դադասյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում