Քաղաքականություն

Յանս Ստոլտենբերգը շնորհակալ է Հայաստանին` Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ին աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

Յանս Ստոլտենբերգը շնորհակալ է Հայաստանին` Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Սեյրան Օհանյանի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Հայաստանին` Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելություններին ցուցաբերած աջակցության համար:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԱՏՕ-ի լրատվական բաժնից, նախարարներ Նալբանդյանը և Օհանյանը հանդիպումներ են ունեցել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների դեսպանների հետ, որի ընթացքում քննարկվել են դաշինքի հետ Հայաստանի համագործակցության և տարածքաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի հանձնառությունն իրականացնելու ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագիրը, ինչպես նաև կյանքի կոչելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևը (Կանանց, խաղաղության և անվտանգության խնդիրներին առնչվող բանաձև):

Յանս Ստոլտենբերգը շեշտել է նաև դաշինքի հետ Հայաստանի շարունակական համագործակցության փաստը պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական ոլորտի կրթության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ծառայության գործարկման ոլորտներում:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայումս Հայաստանն իրականացնում է իր չորրորդ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրը (2014-2016թթ.):

2004թ-ից սկսած Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղության հաստատման գործողություններին. ներկայումս Հայաստանը շարունակում է աջակցել իր խաղաղապահ զորքերով Կոսովոյում Կոսովոյի Ուժեր/KFOR առաքելությանը, ինչպես նաեւ 2015թ. հունվարից Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը (2010թ-ից մինչեւ 2014թ. դեկտեմբերը Հայաստանը մասնակցել է Աֆղանստանում Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժերի (ISAF) գործողությանը): Հայաստանի ներգրավվածությունը խաղաղության հաստատման գործողություններում հնարավորություն տվեց նրան դառնալու անվտանգության սպառողից անվտանգության ներդրողի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում