Ինովացիա

Գորիսում եռաչափ տպիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՏՏ ոլորտում Հայկական հրաշքի ակնկալիք ունի

3 րոպեի ընթերցում

Գորիսում եռաչափ տպիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՏՏ ոլորտում Հայկական հրաշքի ակնկալիք ունի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսում հիմնադրված եռաչափ տպիչների արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիրների նպատակը քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելն է: «2015-ի սեպտեմբերին ստանձնեցինք եռաչափ տպիչների արտադրությունը, որոնք օգտագործվում են ինժեներական լաբորատորիաներում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արտուր Խոջաբաղյանը:

Նրա խոսքով` տպիչները հայկական արտադրության են, բայց նախագծի հեղինակները իրենք չենք. հիմքը Reprap Prusa Mendel-ն է: «Մենք փորձում ենք նաև մոդիֆիկացնել և զարգացնել որոշ դրույթներ։ Ունենալով այս փորձը` նախապատրաստվում ենք մեր սեփական մոդելները նույնպես թողարկել»,-տեղեկացրեց նա։

Եռաչափ տպիչներով հնարավոր է հեշտությամբ մոդելավորել և տպել զանազան կենցաղային իրեր, որոնց արժեքը`կախված չափից, կարող է լինել 500-5000 դրամ։

«Մեր գործունեության հիմնական ուղղվածությունն այս պահին եռաչափ տպիչների արտադրությունն է, բայց զուգահեռ ցանկանում ենք այլ ուղղություններ ևս զարգացնել, որովհետև առաջնային առաքելությունն է՝ նպաստել Գորիսում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Մասնավորապես, պատրաստում ենք web ծրագրավորման թիմ, ինչպես նաև զարգացնում ենք ավտոմատացման համակարգերի նախագծման մեր փորձը և շուտով հետաքրքիր նախաձեռնություններով հանդես կգանք»,-նշեց մեր զրուցակիցը։

Ընկերությունն իր ստեղծած տպիչները տրամադրում է դպրոցներում գործող ինժեներական լաբորատորիներին` համարելով, որ նմանատիպ կրթական ծրագրերի միջոցով հնարավորություն է ընձեռվում ոտքի կանգնել և զարգացնել նորարար գաղափարներ։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ու ամրապնդումն ամբողջ Հայաստանում ամենակարճ ճանապարհն է մեծ հաջողություններ արձանագրելու համար։ Եթե մենք ունենանք ինժեներական լաբորատորիաներ Հայաստանի բոլոր դպրոցներում, ապա հաշված տարիներ հետո ինքներս ականատես կլինենք Հայկական հրաշքի։ Մեր տեսլականը կարելի է ասել համընկնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տեսլականի հետ»,-նկատեց Արտուր Խոջաբաղյանը:

Նա նաև շեշտեց հանգամանքը, որ ոլորտում զբաղվածները Գորիսում ամենաբարձր վարձատրվողներից են, աշխատավարձը գերազանցում է 100 հազար դրամի շեմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում