Մշակույթ

Արամ Խաչատրյանի անվան մրցույթ և խաչատրյանական Non-Stop. բացահայտում է Սերգեյ Սմբատյանը

3 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի անվան մրցույթ և խաչատրյանական Non-Stop. բացահայտում է Սերգեյ Սմբատյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն այս տարի խաչատրյանական շունչ կստանա երկու կարևոր միջոցառումներով` Արամ Խաչատրյանի անվան 12- րդ միջազգային մրցույթ և Խաչատրյան Non-Stop: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«2016 թվականի Արամ Խաչատրյանի անվան մրցույթը եզակի է լինելու: Առաջին անգամ դիրիժորների մրցույթ է լինելու: Հայաստանում զուգահեռաբար կանցկացվի Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը»,-նշեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:

Սերգեյ Սմբատյանի խոսքով` մենք այն երկիրն ենք, որն այնքան է գնահատում արվեստը, որ պայքարում է դրա համար: «Բոլոր լավագույն մրցույթների ներկայացուցիչները, որոնք ֆեդերացիայի անդամ են, գալու Հայաստան: Հայաստանը տանտեր է լինելու: Սա մեր մեծագույն հաղթանակներից է»,-շեշտեց նա:

Արամ Խաչատրյանի անվան 12- րդ միջազգային մրցույթը կանցկացվի հունիսի 6-14-ը: Սմբատյանը նշեց, որ հայտեր են ստանում տարբեր վայրերից, սակայն իրադարձությանը մասնակցելու է ընդամենը 12 դիրիժոր:

Նրա հավաստմամբ` Արամ Խաչատրյանն այն կոմպոզիտորն է, ում գործերն ամենաշատն են հնչում հոլիվուդյան ֆիլմերում, և կա գաղափար մեծանուն կոմպոզիտորի կինոերաժշտությունը ներկայացնել Երիտասարդականի լավագույն նախագծերից մեկի` Non-Stop-ի ձևաչափով:

«Պետք է ընտրենք այն գործերը, որ հնչում են ֆիլմերում: Մենք ունենք հերոս, որն ամենաշատն է ընդունված միջազգային հարթակներում: Կնվագենք Խաչատրյանի այն երաժշտությունը, որը հնչում է կինոնկարներում, ինչպես նաև հատվածներ այդ ֆիլմերից: Նախագիծը կիրականացնենք աշնանը. անվանումը դեռ հստակ չէ, բայց նույն ֆորմատով է լինելու, ինչ մեր մյուս Non-Stop նախագծերը»,-շեշտեց Սմբատյանը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) կազմում՝ դրա գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում