ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խումբը համալրվել է նոր 8 անդամներով: Մասնավորապես, խմբի կազմում են ընդգրկվել Ազգային ժողովում Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո լը Ռուն, նույն խմբակցությունից պատգամավորներ` Ֆրանսուա Դյումասը, Նատալի Նիեզոնը, Միշել Դեստոն, Հյու Ֆուրաժը, Ֆրանսուա Միշել-Լամբերը, Ժան Լոնեյը, ինչպես նաև Դեմոկրատների և անկախների միության Ռոն Ալպի տարածքային մարմնի ղեկավար Էմանուել Մանդոն:
Այսպիսով, Ֆրանսիա-ԼՂ բարեկամության խմբի անդամների թիվը դարձել է 48: «Մեր շրջանակն ընդգրկում է Ֆրանսիայի գրեթե բոլոր շրջանները և քաղաքական կողմնորոշումներ ներկայացնող անձանց, ովքեր պաշտպանում են արդարությունը և Հարավային Կովկասում խաղաղության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքը: Հենց սրանում է մեր գործունեության արդյունավետությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համատեղ հայտարարության մեջ նշել են խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան և փոխնախագահներ Ռոշենե Ռուքեն և Գի Թեսիեն:
Ֆրանսուա Ռոշբլուանը ողջունելով նոր գործընկերների քայլը` դրական է համարել գործադիր իշխանությանը մոտ կանգնած պատգամավորների ձգտումն` առավել լավ տեղեկանալու ղարաբաղյան խնդրի մասին, ինչն էլ հնարավորություն կտա ֆրանսիական քաղաքացիական հասարակության մեջ առավել լավ ներկայացնել ԼՂ-ին առնչվող հարցերը:
«Գրեթե 50 անդամներ ունեցող խումբն առավել ներկայացուցչական է և կարող է էլ ավելի արդյունավետ աշխատել ԼՂ-ն, նրա խնդիրները, ինստիտուտներն առավել լավ ճանաչելու գործում»,- ասել են Ռենե Ռուքեն և Գի Թեսիեն: