Բլատերը և Պլատինին 8 տարով հեռացվել են ֆուտբոլից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 8 տարով որակազրկվել են ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, Բլատերը տուգանվել է 50 հազար շվեյցարական ֆրանկով, իսկ Պլատինին՝ 80 հազար: Պլատինիի և Բլատերի վրայից հանվել են կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները, բայց նրանք երկուսն էլ մեղավոր են ճանաչվել ՖԻՖԱ-ի էթիկայի կանոնների խախտման հարցերում:
Հանձնաժողովի այսօրվա ուոշումները նշանակում են, որ Պլատինին չի կարող մասնակցել ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրություններին, որոնք կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին:
Հոկտեմբերի սկզբին երկու ֆունկցիոներները 90 օրով զրկվել էին ֆուտբոլային գործունեությունից՝ կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով: 2011 թվականին Պլատինին Բլատերից ստացել է 2 մլն շվեյցարական ֆրանկ: Պլատինին վստահեցրել է, որ այդ գումարը նա ստացել է 1999-2002 թվականներին ՖԻՖԱ-ի համար գործունեություն ծավալելու բանավոր պայմանավորվածության արդյունքում: Պլատինիի և Բլատերի նկատմամբ գործ է հարուցվել նոյեմբերի վերջին: Տեղեկացվում էր նաև, որ երկուսն էլ կարող են որակազրկվել ցմահ:ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի այսօրվա հայտարարության մեջ նշված է, որ Բլատերի և Պլատինիի վստահեցումները գումարային փոխանցում կատարելու բանավոր պայմանավորվածության վերաբերյալ հավաստի չեն համարվել և մերժվել են: