3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղավ այն, ինչ սպասվում էր: Արդյունքներ, ըստ էության, չգրանցվեցին: «Արմենպրես»-ի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության անդամ, քաղաքական հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը` անդրադառնալով Բեռնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
«Հանդիպումից կարելի է առանձնացնել այն, որ բոլոր կողմերը, բացի Ադրբեջանից, ևս մեկ անգամ ընդգծեցին, որ խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծմանն այլընտրանք չկա»,-ասաց Մանվել Ղումաշյանը: Այն, որ Ադրբեջանը մինչև նախագահների հանդիպումը և դրանից անմիջապես հետո սահմանային լարվածությունը թեժ պահեց, դա կապված է այն հանգամանքի հետ, որ իրավիճակը ղարաբաղյան խնդրի շուրջ փոխվել է: Այն չէ, ինչ կար ասենք մեկ ու կես տարի առաջ: Դա կապված է տարածաշրջանային խնդիրներով ու Ադրբեջանի ներքին, արտաքին հարցերով: Մասնավորապես, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը, որն իր ազդեցությունը կունենա ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, քանի որ Թուրքիան քայլեր կանի՝ Ռուսաստանին ավելի վատ վիճակում դնելու համար: Մանվել Ղումաշյանը պատահական չի համարում ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո Թուրքիայի վարչապետի ու արտգործնխարարի այցն Ադրբեջան և նրանց հայտարարությունները: Դրանից բացի, կան ներիքն լուրջ խնդիրներ և, ըստ փորձագետի, Ադրբեջանը, ներսում ստեղծված իրավիճակը զսպելու համար, լարում է սահմանային իրավիճակը:
«Ադրբեջանն այլ ելք չի ունենում քան ինչ-որ խաղաքարտեր առաջ բերելը, իսկ դա սահմանային սրացումն է` փորձելով սակարկել: Տեսնում ենք, որ եվրոպական տարբեր կառույցներ, տարբեր երկրներ փոխում են իրենց վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, հրապարակվում են զեկույցներ` Ադրբեջանին քննադատելու շեշտադրմամբ: Չի բացառվում, որ սահմանային լարվածությունը թուլացնելու դիմաց Բաքուն առաջ քաշի իր հանդեպ քննադատությունների նվազեցման նախապայման»,-ավելացրեց Մանվել Ղումաշյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե համանախագահների հայտարարությունները դարձյալ ուղղված էին երկու կողմերին, ոչ թե իրավիճակը սրող Ադրբեջանին, Մանվել Ղումաշյանը նշեց, որ համանախագահների գործառույթը մեկն է՝ երկու կողմերին միշտ բերել բանակցությունների: «Եթե համանախագահները կողմերից որև մեկի վրա ճնշումը մեծացնեն, ապա դա կարող է պատճառ դառնալ, որ այդ կողմը դուրս գա գործընթացից ու հայտարարի, որ ձևաչափը սուբյեկտիվ է: Համանախգահների խնդիրն ընդամենը բանակցությունների բերելն է: Նրանք ուժով ու պատժամիջոցներով խնդիր լուծելու մանդատ չունեն»,-հավելեց Մանվել Ղումաշյանը:
Այս պարագայում, փորձագետն ընդգծեց, որ հայկական կողմին մնում է նախ սահմաններն ամրապնդելը, բանակն էլ ավելի ուժեղացնելը և դիվանագիտական տարբեր օղակներով միջազգային հարթակներում աշխատելը: