3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքերը փորձել են այնպես անել, որ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը Մեքսիկայում չհնչի: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում նշեց սիրված կոմպոզիտորը:
« «Ռեքվիեմ»-ը պիտի այս տարի հնչեր Մեքսիկայում, պարզվեց, որ թուրքական դեսպանատան կողմից մեծ ճնշում է եղել, որ դա չհայտարարվի որպես Ցեղասպանության զոհերի հիշատակին ստեղծագործություն: Առհասարակ դա չհնչի փառատոնում: Այն հնչել է լուրջ դիմադրության արդյունքում, որի համար իրենց ջանքերն են դրել Հայաստանի դեսպանատունը, հայ գործիչներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց Տիգրան Մանսուրյանը:
Նա շեշտեց, որ այդ ստեղծագործությունն, այնուամենայնիվ, ներկայացվեց Մեքսիկայում:
«Ինձ բացատրեցին նաև, որ Թուրքիան առևտրական կապերի մեջ է Մեքսիկայի հետ և դա օգտագործել է ճնշում գործադրելիս: Ես այլ ստեղծագործություններ ունեմ, որոնք նվիրված են 15 թվականի դեպքերին: «Ո՞ւր է Աբել եղբայրը քո» թավջութակի և նվագախումբի համար կոնցերտն ինձ պատվիրել է գրել Քյոլնի նվագախումը: Այդ գործը և «Ռեքվիեմը» հնչեցին այս տարի Գերմանիայում: Մշտապես հայտարարվել է, որ դրանք նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գերմանացիներն մեծ ընդգծումով են անում դա: Եվ դա ինձ հիացնում է»,-նշեց մաեստրոն:
Տիգրան Մանսուրյանն, ընդհանուր առմամբ, ցեղասպանության զոհերին նվիրված երեք գործ ունի`բացի վերոնշյալներից նաև «Երեք արիա՝ երգելու Արարատին բացված պատուհանից» խորագրով ալտի և նվագախմբի կոնցերտը:
«Ես երազում էի, որ իմ երեք գործերը մեկ երեկոյով ներկայացվեն: Շատ կուզեի, որ նման համերգ լիներ»,-շեշտեց նա:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում տարբեր երկրներում: Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն: