Վրացական իշխանություններն արգելել են հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մուտքը Վրաստան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան,բանահավաք,Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի(ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում: Հոկտեմբերի 18-ին Սադախլուի վրացական անցակետում նրա այցը Վրաստան խափանվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հուշարձանագետն ասաց, որ Վրաստանում երբևէ օրենք չի խախտել և համոզված է, որ Վրաստան մուտք գործելու արգելքի պատճառն իր մասնագիտական գործունեությունն է:

Հուշարձանագետն արդեն երկար տարիներ իր հիմնադրամի աշխատանքային խմբի հետ ուսումնասիրում է հարևան երկրում ոչնչացված, յուրացված կամ անմխիթար վիճակում հայտնված հայկական հուշարձանները: Վրաստանում գտնվող հայկական նյութական մշակույթի վիթխարի ժառանգության աշխատանքները լրացնելու նպատակով էլ 2015 թվականի հոկտեմբերին կազմակերպվել էր տասնօրյա հետազոտական ճանապարհորդություն դեպ Վրաստան, որն այդպես էլ ընդհատվեց հայ-վրացական սահմանային անցակետում: «Մեր ամբողջ խումբն արդեն անցել էր: Ես վերջինն էի: Դեռևս 2011 թվականից խնդիրներ էին առաջանում վրացական սահմանը հատելիս: Միշտ ինձ 15-20 րոպե պահում էին անցակետում, թեև փաստաթղթային որևէ խնդիր չէր լինում: Այս անգամ շատ ավելի երկար տևեց` մոտ 35 րոպե: Ապա Վրաստանի մաքսատան անվտանգության աշխատակիցը մոտեցավ և ասաց, թե «Դուք չեք կարող անցնել սահմանը»,- պատմեց Կարապետյանը:

Վրաստան մուտք գործելու արգելքի վերաբերյալ բացատրություն չստանալով՝ հուշարձանագետը գրավոր նամակներ է հղել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, անձամբ դիմել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, սակայն իրեն հուզող հարցի պատասխանը դեռ չի ստացել: «Վստահ եմ՝ գործունեությունս է պատճառը, որ ես Վրաստանի համար դարձել եմ անցանկանալի անձ»,- ասաց Կարապետյանը:

Շուրջ քսան տարի է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գլխավորած հետազոտական խումբը բարձրաձայնում է վրացական իշխանությունների կողմից պետական մակարդակով հայկական նյութական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերի մասին: Վրաց գիտական միտքը տարբեր հրատարակությունների միջոցով ձգտում է կասկածի տակ դնել հայկական եկեղեցիների հայաշեն և հայապատկան լինելու իրողությունը: Վրաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Զազա Ալեքսիձեի և պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Դմրտրի Թումանիշվիլու՝ 2009 թվականին լույս տեսած «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները» աշխատությունն, օրինակ, փորձ է «գիտական ուսումնասիրության» շղարշի ներքո սեփականացնել Վրաստանի տարածքում գտնվող պատմական Հայաստանի Գուգարք նահանգի մի շարք գավառներում (Ծոբոփոր, Բողնոփոր, Քվեշափոր, Կանգարք, Մանգլեացփոր) պահպանված հայկական պաշտամունքային մեծաթիվ հուշարձանները:

Դեռևս 1995 թվականին լույս է տեսել Սամվել Կարապետյանի հեղինակած փոքրիկ բրոշյուրը, որտեղ ներկայացված են Վրաստանի տարածքում գտնվող շուրջ 650 հայկական եկեղեցիների ցանկը և քարտեզագրումը` եկեղեցիների գտնվելու վայրի, հիմնադրման թվագրության ու նրանց վիճակի մասին համառոտ տեղեկատվությամբ: «Այս տարիների ընթացքում մեր խումբն աշխատել է հարևան Վրաստանի տարբեր շրջաններում, ուսումնասիրություններ իրականացրել ներկայիս Հայաստանի սահմանին կից գտնվող պատմական Հայաստանի Գուգարք նահանգի գավառները: Մարնեուլի շրջանը Գուգարքի Ծոբոփոր գավառն է, հարևան Բոլնիսը Գորգոփորն է, Թեթրիծղարոն` Մանգլեացփոր, Ծալկան` Թռեխքը, Նինոծմինդան և Ախլաքալաքը` պատմական Ջավախքը»,- նշում է հուշարձանագետը:

Կարապետյանի խոսքով` հայկական հուշարձանների յուրացման և ոչնչացման քաղաքականությունը իրականացվում է պետական մակարդակով, քանի որ Խոջիվանքի գերեզմանատ տեղում վրացական առաջնորդանիստ եկեղեցու կառուցման հիմնօրհնեքի արարողությանը մասնակցել է նաև այն ժամանակ Վրաստանի նախագահ Էդուրադ Շեվարնաձեն:

Հայերեն English Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին