ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցեց ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողի այն հարցին, որի պատասխանը կարող էր առնչվել քարոզչությանը, որն այսօր արգելվում է տեղամասերի տարածքում: «Կոչ եմ անում ժողովրդին գալ և քվեարկել ազատորեն, առանց բռնանալու իր կամքի վրա: Մի բան էլ հաստատ գիտեմ. որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»,-«Արմենպրես»-ի հաղոդրմամբ` ասաց Տեր-Պետրոսյանը:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ 08:00-ին, բացվել են Սահմանադրական փոփոխությունների քվեարկության 41 ընտրատարածքների 1989 տեղամասերը: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է`2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: