Ցուկերբերգը հայր է դարձել. նա խոստանում է Facebook-ի բաժնետոմսերի 99 տոկոսը տալ բարեգործության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծնվել է աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկի՝ Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգի առաջնեկը: Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, աղջկան անվանել են Մաքս:Երեխայի ծնունդից հետո Facebook-ի հիմնադիրը գրառում է թողել՝ նշելով, որ իր և կնոջ սեփականությունը համարվող ընկերությունների գրեթե ամբողջ բաժնետոմսերը նախատեսում են տալ բարեգործության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Facebook-ում արված գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Պրիսցիլան և ես այնքան ուրախ ենք մեր դստերը՝ Մաքսին, այս աշխարհում ողջունելու կապակցությամբ: Նրա ծննդյան առիթվ մենք նրան նամակ ենք գրել այն աշխարհի մասին, որում, հուսով ենք, որ նա կմեծանա: Դա մի աշխարհ է, որտեղ մեր սերունդը կարող է զարգացնել մարդկային ներուժն ու տարածել հավասարություն՝ հիվանդությունների բուժման, կրթության անհատականացման, էկոլոգիապես մաքուր էներգիայի յուրացման, մարդկանց միավորման, ուժեղ հասարակությունների կառուցման, աղքատության մակարդակի իջեցման, հավասար իրավունքների ապահովման և երկրների միջև փոխըմբռնում տարածելու միջոցով:

Մենք ձգտում ենք մեր փոքր ներդրումն ունենալ բոլոր երեխաների համար այս աշխարհը ստեղծելու հարցում: Մեր կյանքի ընթացքում Facebook-ի մեր բաժնետոմսերի 99 տոկոսը, որն այս պահին շուրջ 45 միլիարդ ԱՄՆ դոլար է, մենք կտանք հաջորդ սերունդների համար այս աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով:

Շնորհակալ ենք բոլորին հղիության ընթացքում ձեր սիրո և աջակցության համար: Դուք մեզ հույս տվեցիք, որ միասին մենք կարող ենք կառուցել այս աշխարհը Մաքսի և բոլոր երեխաների համար:

Մաքս, մենք քեզ սիրում ենք և մեծ պատասխանատվություն ենք զգում քեզ ու մյուս երեխաներին ավելի լավ աշխարհ թողնելու հարցում: Մենք ցանկանում ենք, որ դու ունենաս մի կյանք` լցված նույն այն սիրով, հույսով ու խինդով, որ դու ես մեզ պարգևել: Անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ ես դու տալու այս աշխարհին: Սիրով, Հայրիկ ու մայրիկ»:

Հայերեն English