«Ականատեսը». Ձեռքս բռնե երթամ մեր տուն. 105-ամյա վերապրածը սրտում պահում է հայրենի տունը տեսնելու երազանքը

7 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը երկու տարի շարունակ «Ականատեսը» հատուկ նախագծի միջոցով ներկայացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վկաների հիշողությունները: Մեր նախագծի շրջանակներում վերջին ականատես-վերապրածին հանդիպելու և նրա պատմությունը ևս ընթերցողին փոխանցելու նպատակով մեր ստեղծագործական խումբն ուղևորվել էր Արագածոտնի մարզ:

ԹԱԹՈՒԼ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային հերոս պարգևած գյուղում` Թաթուլում է կյանքի մեծն մասն անցկացրել ու այժմ մայրամուտն ապրում 105-ամյա Գույնա Մարկոսյանը: Հայտնվելով Թալինի շրջանի Արեգ կամ այժմյան Թաթուլ գյուղի խաղաղ առօրյայում, հետաքրքիր զուգադիպությամբ պարզում ենք, որ մեր ստեղծագործական խմբի ճանապարհին պատահական հանդիպած առաջին մարդը` Սպարտակը, գյուղի ամենատարեց բնակչի 80-ամյա որդին է, ով սիրով համաձայնում է ուղեկցել մեզ դեպի իր հայրական տուն:

Գույնա Մարկոսյանը բնակություն է հաստատել Թաթուլում 1932 թվականից: Յուրահատուկ անուն ունեցող այս կնոջը ոչ պակաս յուրահատուկ և դժվար ճակատագիր է բաժին ընկել: Նա Հայոց ցեղասպանության այն եզակի վկաներից է, ով դեռ ապրում է` աշխարհին հայ ժողովրդի կրած տառապանքների մասին պատմելու անհուն ցանկությամբ ու վճռականությամբ և ում տարիքը թույլ է տալիս հիշել պատառիկներ ջարդի ու տեղահանության տարիներից:

«Ես ծնվել եմ Արևմտյան Հայաստանի Ղարսա Նախճվանում, 1910 թվականին: Եղա մի քանի տարեկան»,- զրույցի սկզբում նշում է Հայոց ցեղասպանության ականատեսը:

Գույնայի ծնողները` Նազարեթն ու Հայկուշը Կարսինահանգի Նախճվան հայրենի գյուղում զբաղվել են անասնապահությամբ, ինչպես ինքն է բնորոշում մանր եղջերավոր անասուններ` ոչխարներ են պահել: Գույնայի հարազատներից մի քանիսը` պապիկի եղբայրը, նրա ընդամենը վեց ամիս ամուսնացած հարսը, գետի վարարման հետևանքով խեղդվում են Արփաչայի ջրերում:

Նախքան Թաթուլը` Գույնա Մարկոսյանի ընտանիքը բնակվում է Լենինականի շրջանի Մանթաշ գյուղում: Նա ունեցել է երկու քույր և մեկ եղբայր: Հերմինեն, Նազիկը և Լյուդվիգը մահանում են կարմրուկից: Կարճ ժամանակ անց երիտասարդ տարիքում կյանքից հեռանում են են նաև ծնողները: Գույնան` իր բառերով ասած մնում է որպես միակ «վարդ մանուշակ», որպեսզի ծաղկի:

105-ամյա կինը երկու տարի է, ինչ ծերությամբ պայմանավորված կուրացել է: Նա վստահեցնում է, որ տեսողության առկայության դեպքում կարող էր առավել պատկերավոր ներկայացնել կորսված ծննդավայրը:

«Ձեռքս բռնե երթամ մեր տունը: Ամեն բանը տեղը տեղին տանեի-բերեի, իմանայիք: Դպրոց, վա՜յ ինչ դպրոց էր, ամբողջ Նախճվան շրջանից էին այնտեղ գալիս: Իսայիլ վարժապետը` դասատու էր, նստում էինք դպրոցի դուռը, հինգ տարեկան էի: Ա՜խ բալա ջան դարդերս…»,- վերհիշում է տարեց կինն ու հավելում, որ Իսայիլ վարժապետն էլ է եղել Արևելյան Հայաստան տեղափոխվածների թվում:

«Այստեղ է գալիս, նա Հայաստան է մահացել: Ջարդին փախն եկավ այստեղ»,- ասում է մեր պատմության հերոսուհին: Գաղթը ստիպում է նրան վերհիշել «անաստված» թուրքերի վայրագությունները. հույզերը տեղի են տալիս. «Վա՜յ, վա՜յ, էլ մի հարցրու, ջարդ, ի՜նչ ջարդին, ինչ էրին»:

Իր հայրենիքի մասին նա անգամ բանաստեղծություն է մեջբերում: «Նախճվան ջան, մեջիդ բերքն էլ առատ, ափսոս թալանվեցիր, Նախճվան..: Հայը սոված-ծարավ ընկավ ամբողջ Հայաստանի դռները»,- ասում է 105-ամյա կինը:

Գույնա Մարկոսյանն ամուսնացել է 13 տարեկանում, իր համերկրացի Վարդգեսի հետ: Թաթուլում միասին ընտանիք են կազմում, ունենում հինգ երեխա: Ամուսնու մայրը ևս Արփաչայի ճանապարհին է զոհվում ջրերի վարարման ժամանակ, սակայն նրան հաջողվում է դեպի ափ նետել ու փրկել երեք երեխաներին:

Վարդգես Մարկոսյանը հայտնվում է ցեղասպանության տարիներին հայ որբերին օգնության ձեռք մեկնած ամերիկյան մանկատանը, ուր նրան ամերիկացիները շատ լավ են վերաբերվել:

Գույնան «սև օրով», «դառը քրտինքով» աշխատել է գյուղի կոլխոզում: Սեփական ձեռքերով 16 կով վաղ առավոտյան և նույնքան էլ երեկոյան է կթել: Այնուհետև շտապել մյուս աշխատանքներին: Ընտանեկան ալբոմում նա երիտասարդ տարիների ընդամենը երկու լուսանկար ունի, ողջ կյանքը նվիրել է գյուղատնտեսությանը, երեխաներին:

«Դուշմանս թող իմ քաշածս չքաշե»,- ընդգծում է նա:

«Տղես եկավ բանակից ասեց էլ չտեսնեմ կոլխոզի դռները և կաթի վեդրոն խփեց պատին, այս երեսուն տարին ընտիր, լավ ապրա, կերա-խմեցի, Հայաստան տեղ չմնաց, որ ման չեկա մինչև աչքերս կուրացավ»,- թախիծով պատմում է տատիկը, ում թոռների, ծոռների և նրանց երեխաների ընդհանուր թիվը գերազանցում է հինգ տասնյակը: Այսօր նրա առօրյայի մի մասն էլ անցնում է հենց նրանց հետ «խոսք-խորաթա» անելով, նրանց հոգատարությունն ու սերը վայելելով:

Վաղ տարիքից կյանքի բազում փորձություններ անցած կնոջ վստահեցմամբ` աշխատող մարդը երբեք «քյասիբ» չի մնա: Գույնան հպարտանում է ընտանիքի անդամներով: Վստահեցնում, որ իրենց ընտանիքի անդամներին գյուղում բոլորն են ճանաչում: Հատուկ հարգանք իր հանդեպ տածում են ոչ միայն գյուղի ղեկավարությունը, այլև բոլոր բնակիչները: Ամուսինը մահացել է 88 տարեկանում, 2002 թվականին: Գույնայի խոսքով` ինքն էլ է «շտապում» ամուսնու մոտ, բայց հարազատները նրա այդ ցանկությանը կտրուկ դեմ են:

Թաթուլը հիմնականում բնակեցված է Արևմտյան Հայաստանից գաղթածներով։ Տեղի բնակչությունն աչքի է ընկնում իր առատ հյուրընկալությամբ, անգամ անծանոթներին գյուղի բոլոր բարիքներով հյուրասիրելու մեծ ցանկությամբ:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ 2005 թվականից շնորհվող՝ Հանրապետության Նախագահի մրցանակին այս տարի արժանացած ցեղասպանությունը վերապրած կանանց թվում է նաև Գույնան: Նա ցանկանում է, որ իրեն հատկացված մեկ միլիոն դրամն իր մահվանից հետո ընտանիքն օգտագործի թաղման ծախսերը հոգալու համար, որպեսզի մարդիկ գան ուտեն-խմեն և հիշեն իրեն:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում