ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օտարերկրյա պետությունները հաճախ են հետաքրքրվում մշակութային զբոսաշրջության զարգացմամբ, քանի որ հասկանում են, որ այն լուրջ ներուժ է այս կամ այն երկրի հետ կապերը զարգացնելու ուղղությամբ:
Այս մասին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության(ԱՄՆ ՄԶԳ)և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցությամբ ազդարարված«Իմ Հայաստանը» ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Մենք ակնկալիքներ ունենք, որ ծրագրի մեջ մտած պատմամշակութային հուշարձանները կբարեկարգվեն, կստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք պետք է սպասարկեն հուշարձանները: Ենթակառուցվածքների հետ կապված ունենք խնդիրներ, օրինակ` Գառնիի դեպքում ճանապարհի խնդիր կա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց մշակույթի նախարարը:
Հասմիկ Պողոսյանը շեշտեց`«Իմ Հայաստանը» ծրագրի շրջանակում բոլոր խնդիրների վրա ուշադրություն են դարձնելու: «Հուշարձանները պետք է պատրաստ լինեն ընդունել զբոսաշրջիկներին բոլոր ծառայություններով: Հայաստան ժամանած զբոսաշրջիկը միշտ չէ, որ ապահովված է անհրաժեշտ պարագաներով, նյութերով: Ցուցանակ, տեղեկատվական կենտրոններ, համապատասխան անձնակազմեր, կայանատեղիներ կստեղծվեն. այս ամենը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը»,-նշեց նա`հավելելով, որ ծրագրի միջոցով նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն:
«Ես չեմ հիշում վերջին տարիներին իրականացված մեկ այլ ծրագիր, որտեղ այսպիսի լուրջ մոտեցում կա պետության և մասնավորի միջև համագործակցության առումով»,-շեշտեց Հասմիկ Պողոսյանը:
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը(ԱՄՆ ՄԶԳ)և Սմիթսոնյան ինստիտուտըազդարարեցին«Իմ Հայաստանը» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում: Վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով ծրագրի անձնակազմը կաշխատի հայաստանյան գործընկերների հետ` մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար: Ծրագիրը կնսպաստի երկրի գյուղական համայքների զարգացմանը և կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկվածությունը միջազգային շուկաներում: