4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը շատ ազդեցիկ է լինելու և հուզելու է հանդիստեսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Շանթ» հեռուստաընկերության նկարահանած քրեական դրամայի դերասան Հարություն Մովսիսյանը: «Իհարկե, ֆիլմի և սերիալի միջև տարբերություն կա. ֆիլմում հիմնական թեման հերոսի կյանքն է, ներկայացվում է հերոսի կենսագրականը, կա նաև հերոսի պատանեկությունը` Սարգիս Գրիգորյանն է խաղում: Դրանով այն շատ հետաքրքիր է դառնում: Սերիալի մեջ խոսվում էր իմ հերոսի մասին, թե ինչպես էր նա բակում օգնում թույլ երեխաներին, պաշտպանում: Ֆիլմում ներկայացվում է նաև այն, որ հերոսս սիրում է գեղանկարչություն, դաշնամուր, ջութակ է նվագում, բայց բոքս էլ է պարապում` մտածելով, որ տղամարդը պետք է կռվել, ինքն իրեն պաշտպանել իմանա»,-նշեց նա:
Դերասանը համոզված է, որ ֆիլմը շատ հետաքրքիր կլինի, թեև խոստովանում է, որ դժվարությամբ է հերոսի կերպարը ստեղծել:«Որոգայթ» ֆիլմը շատ պրոֆեսիոնալ, շատ գրագետ է արված: «Կարծում եմ, որ շատ հաջողություն պետք է ունենա, ընդհանուր առմամբ, շնչելու ժամանակ չի թողնում»,- շեշտեց նա:
2009 թվականին Երևանից Էջմիածին տանող մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվեցին «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ Արամ Միսկարյանը և Գեղամ Ղանդիլյանը:
«Իհարկե շատ մեծ ողբերգություն էր ոչ միայն ինձ, այլև ամբողջ խմբի, հեռուստաընկերության համար: Շատ լավ մարդիկ էին բնույթով ու բնավորությամբ, ընտանիք չէին ստեղծել դեռ, բայց ուզում էին ամուսնանալ: Ես շատ ծանր տարա նրանց մահը: Դրանից հետո մտածեցինք, որ սերիալը պետք է ընդհատվի, չգիտեինք, ինչ պետք է լինի, անցավ 3-4 օր, և նամակներ էին գալիս, հանդիսատեսը խնդրում էր շարունակել, այնուամենայնիվ հետաքրքիր էր դիտողներին: Ցավը շատ մեծ էր, մինչև հիմա հիշում ենք նրանց»,-նշեց նա:
«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը էկրաններին կհայտնվի նոյեմբերի 19-ին:
«Շատ հուզվում եմ պրեմիերայից առաջ: Ես էլ ֆիլմը լիովին չեմ նայել, մոտավորապես պատկերացում ունեմ: Շատ ազդեցիկ կինո է լինելու»,-շեշտեց դերասանը:
«Որոգայթ»-ը ոչ թե աղմուկ հանած սերիալի խտացումն է կամ շարունակությունը, այլ առանձին սյուժեով ու սցենարով նկարահանված ֆիլմ, որի տևողությունը շուրջ 1.5 ժամ է: Քրեական դրաման առաջին անգամ կներկայացվի նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի ֆիլմում հիմնականում խաղում են «Որոգայթ» սերիալի, ինչպես նաև այլ հայ դերասաններ: Ֆիլմում նկարահանվել են հայկական կինոյի և հեռուստատեսության ամենահայտնի դեմքերը` Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Ստեփան Ղամբարյանը, Արթուր Դարբինյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Մարջան Ավետիսյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Վարդան Հովսեփյանը, Արմեն Մարգարյանը, Գարիկ Չեպչյանը, Արփինե Գաբրիելյանը և ուրիշներ: