Google-ը միասնական գործառնական համակարգ կստեղծի սմարթֆոնների եւ նոութբուքերի համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Alphabet-ը (Google-ի մայր ընկերությունը) պլանավորում Է իր Chrome OS գործառնական համակարգը (ԳՀ), որը նախատեսված Է սեղանի համակարգիչների համար, միավորել շարժական Android-ի հետ: Նոր միասնական պլատֆորմը կներկայացվի մինչեւ 2017 թվականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Wall Street Journal (WSJ)-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նախնական տարբերակն սպասվում Է մինչեւ 2016 թվականը: Աղբյուրների խոսքով՝ գործառնական երկու համակարգերի միաձուլմամբ Google-ի ինժեներներն զբաղվում են արդեն ավելի քան երկու տարի: Չնայած այն բանին, որ երկու համակարգերն Էլ հիմնված են Linux-ի վրա, հրատարակության զրուցակիցները նշում են միավորման գործընթացի բարդությունը:
Google-ում հայտարարել են, որ չեն փակելու Chrome OS-ը. այն գործառնական համակարգ Է մնալու բաց ելման կոդով, որը կարող են օգտագործել նոութբուքերի մյուս արտադրողները: Աղբյուրների տվյալների համաձայն՝ ընկերությունը շեշտը դնելու Է անհատական համակարգիչներում Android-ի ինտեգրացմանը:
Ինչպես նշում Է WSJ-ը, այդ քայլը Google-ին թույլ կտա ընդլայնել Android գործառնական համակարգի օգտատիրական բազան, որին կավելանան նոութբուքերը: Դրա կառավարմամբ արդեն աշխատում են սմարթֆոնները, պլանշետները, խելացի ժամացույցները, հեռուստացույցներն ու ավտոմեքենաները: Համակարգերի միավորումը նաեւ կդյուրանցի մշակողների խնդիրը. նրանց հավելվածները կաշխատեն միանգամից բոլոր սարքերի վրա, գրում Է թերթը: