Ֆիլմերս միայն իմը չեն. Ասպետ Շերմազանյանի «Նորամուտ»-ը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանը կինոն ֆենոմենալ երևույթ է համարում: Կարճամետրաժ ֆիլմերի սիրահար ռեժիսորը փաստում է` լավ կինո նկարահանելու համար քիչ միջոցներն էլ բավարար են. պարզապես պետք է գիտակցել, թե ինչն ինչպես է անհրաժեշտ օգտագործել:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Ասպետ Շերմազանյանի «Նորամուտ»-ը:

Ասպետ Շերմազանյանը` կինոյում հայտնվելու մասին

Արմատներով լոռեցի եմ, ծնվել եմ Երևանում 1993 թվականին: Մինչև ռեժիսուրան ընտրելը զբաղվել եմ տարբեր բաներով` և’ սպորտով, և’ նկարչությամբ: Բայց փոքր հասակից ինձ համար ֆենոմենալ երևույթ է եղել կինոն, շատ եմ սիրել այն, երևի ընտանիքի ազդեցությունն էր. անընդհատ շփվել եմ կինոգործիչների հետ: Բացի այդ, շատ եմ սիրում պատմություններ պատմել. ինչ-որ չափով դա էլ ռեժիսուրայի հետ կապ ունի:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական բաժին`Անիտա Երզնկյանի կուրս: Երկու տարի անց գնացի Մոսկվա և ընդունվեցի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտ (ВГИК): Սովորում եմ Ալեքսանդր և Վլադիմիր Կոտտերի մոտ. գիտեի, որ երիտասարդ վարպետներ են, գործի մարդիկ, ընդունվեցի և միանգամից անցել ենք գործնական աշխատանքի. սկսել ենք նկարահանել շատ ֆիլմեր:

Կարճամետրաժ ֆիլմերի սիրահարը

…Ինձ համար կարևոր է, որ ֆիլմում ինտրիգ լինի, Հիչկոկի ասած «suspence» (սպասում, լարվածություն), որպեսզի դիտողներին լարված ու ասեղների վրա պահի: Իմ կարճամետրաժները տարբեր ժանրերի են: 2012 թվականին ստեղծեցի առաջին ֆիլմս, որը կոչվում է «8.Մի գողացիր»: Հիմքում աստվածաշնչյան 8-րդ պատվիրանն է. շատ թեթև հումորի միջոցով բացատրում եմ, թե ինչու չի կարելի գողանալ: Արժանացել է շատերի համակրանքին, տարբեր փառատոնների ենք մասնակցել այդ ֆիլմով:

2012-ին մեկ այլ ֆիլմ նկարահանեցի, կոչվում էր «Kill man» («Սպանել մարդուն»): Այս մեկի հիմքում Ջեք Լոնդոնի համանուն պատմվածքն է:

Սփիլբերգի մոտ նկարահանված դերասանը` հայ ռեժիսորի ֆիլմում

2013-ին նկարահանեցի «Նվերը» վերնագրով ֆիլմ, որի հիմքում Օ Հենրիի ստեղծագործությունն էր: Ողբերգական պատմությունը համեմել եմ նուրբ հումորով: Այնուհետև Վամպիլիովի «20 րոպե հրեշտակի հետ» պատմության մոտիվներով նկարահանեցի «Ինչ է եղել գիշերը» կարճամետրաժը: Նոյեմբերին, հուսով եմ, մոսկովյան «Խուդոժեստվեննի» կինոթատրոնում տեղի կունենա այս ֆիլմի պրեմիերան: Պատիվ եմ ունեցել այս նախագծի շրջանակում համագործակցել Միխայիլ Գորևոյի հետ, ով Հոլիվուդում ռուս ամենահայտնի դերակատարներից է: Վերջերս նա Սթիվեն Սփիլբերգի «Bridge of Spies» («Լրտեսական կամուրջ») ֆիլմում ռուս լրտեսի է մարմնավորել: Պատիվ եմ ունեցել նաև աշխատել դերասան Վիկտոր Սուխորուկովի հետ:

Վերադարձի թեման` «Աղ ու հաց» ֆիլմում

«Աղ ու հաց»-ն իմ վերջին ֆիլմն է, և առաջին աշխատանքը, որը նկարահանել եմ Հայաստանում: Այն մեծ պատասխանատվության զգացումով նկարել եմ Լոռվա աշխարհում, որն ինձ համար շատ թանկ է և սիրելի: Կինոնկարի նախաձեռնողը եղել է «Look Film»-ը, որը հովանավորում է երիտասարդ կինոգործիչներին, բացահայտում տարբեր անուններ:

«Look Film»-ն այն ուղարկելու է աշխարհի 20 լավագույն կինոփառատոններ` այդ թվում Կանն, Բեռլին, Վենետիկ, Տորոնտո, այն նաև կցուցադրվի Երևանում, մարզերում, սփյուռքում...

Ֆիլմի հիմքում «Անառակ որդու վերադարձը» առակն է. ի տարբերություն բիբլիական հերոսի, ով բարոյապես ոչնչացված է վերադառնում, իմը կայացած ու տղամարդ դարձած է հետ գալիս: Իմ հերոսը հասկացել է, որ առանց հող ու ջրի, հայրական օջախի, աղ ու հացի ինքը ոչինչ է: Ֆիլմում քննարկվում է վերադարձի թեման. վերադարձ դեպի արմատները, հայրենի հողը:

Սկզբում պրոդյուսերները չէին համաձայնում, որ գամ Հայաստան նկարահանելու, բայց համառեցի, ի վերջո եկա այստեղ և ճիշտ արեցի:

…Ես ապրում եմ Ռուսաստանում, շատ ընկերներ ունեմ արտասահմանում, և մեզ բոլորիս համախմբում է Հայաստանը, լեռները, հայի արժեհամակարգը: Մենք վերադառնալու ենք, որովհետև ուրիշ տարբերակ չունենք, մեզ մի բան է փրկելու` մեր դիմագիծը չմոռանալը ու մեր ես-ը պահպանելը:

Մասնակցություն փառատոններին

Իմ ֆիլմերով մասնակցել եմ փառատոնների Չեխիայում, Համբուրգում, Թիֆլիսում, Տալլինում, Սերբիայում, Ավստրալիայում, Խորվաթիայում և այլ երկրներում:

Ռոբերտ Ռոդրիգեզն Ասպետի ամենասիրած ռեժիսորներից է

Կինոյի համար լավ թիմ, մթնոլորտ, սցենար ու պրոֆեսիոնալ տեխնիկա է պետք, և կարևոր է, թե ինչպես ես այս ամենն օգտագործում: Ռոբերտ Ռոդրիգեզն իմ ամենասիրած ռեժիսորներից է: Նա դասախոսություններ ունի, որտեղ սովորեցնում է, թե ինչպես փոքր բյուջեով լավ ֆիլմեր կարելի է անել: Կինոինստիտուտում ինձ հաճախ նրա հետ են համեմատում: Ասում են` քիչ ես գումար ծախսում, բայց ճոխ է ստացվում, ինչո՞ւ է այդպես:

…Ես համր կինոյի սիրահար եմ, իմ երեք ֆիլմերն առանց խոսքի են: Կինոն թիմային աշխատանք է. մենք, հայերս, չենք սիրում թիմային աշխատանք, դրա համար ֆուտբոլում այնքան էլ հաջողությունների չենք հասնում:

Ուզում ենք հաղթել, և միայն մեր մասին խոսեն: Իմ ֆիլմերը միայն իմը չեն, նրանք իմ ընկերներինն են:

Կատակերգություն` Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ

Շուտով նաև պլանավորում եմ քրեական կատակերգություն նկարահանել Միխայիլ Գալուստյանի,Ալեքսանդր Գորդոնի և Ալեքսանդր Լյապինի մասնակցությամբ: Հիմա հովանավորների եմ փնտրում` նախագիծը իրականացնելու համար:

Միևնույն ժամանակ հիմնական մեծ նպատակ ու երազանք ունեմ վերադառնալ Հայաստան, քանի որ իմ հողի վրա ապրելն ու աշխատելը շատ եմ կարևորում: Ես, լինելով երկրիս արժանի ու լիիրավ քաղաքացի, հպարտ և ուրախ կլինեմ նպաստել իմ պետության կինեմատոգրաֆի զարգացմանը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ»խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդ դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, նկարիչներին, երաժիշտներին և այլն, պատմել, թե ինչով են նրանք ապրում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում