ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արեւմուտքի վերաբերմունքն ու դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ անընդհատ փոխվում է եւ որոշ ժամանակ առաջ տարածաշրջանում կայունության հաստատողի թյուր դերակատարություն ստանձնած Թուրքիան այժմ դարձել է անկայունության եւ ահաբեկչության կենտրոն: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը շեշտում է, որ մշտապես խնդիրներ ունեցող Թուրքիայում հիմա բարդ իրավիճակ է եւ պրոբլեմները կրկնակի անգամ ավելացել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բեքարյանը շեշտում է, որ երկրում ներքաղաքական կյանքի հետ կապված խնդիրներն օր օրի ավելի են սրում իրավիճակն ու լարվածությունը Թուրքիայում: «Բավական խնդիրներ կան, որոնք իրենց քանակով եւ խորությամբ տարբերվում են նախորդներից: Այժմ արդեն Արեւմուտքում անհնար է գտնել որեւէ մեկին, որ կարող է խոսել կամ պատմել թուրքական ժողովրդավարության մասին լեգենդներ: Այժմ արդեն շատ բան հստակ է: Ներկա դրությամբ առկա հետազոտություններն ու հարցումները ցույց են տալիս, որ նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին Էրդողանը չի ունենալու այն արդյունքը, ինչն ակնկալում է, իսկ դա ենթադրում է երկրում ճգնաժամի երկարացում իր բոլոր հետեւանքներով»,- ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ քրդական հարցը բավական սրացած է նաեւ ի հաշիվ փակ գոտիների, որոնք ներկա դրությամբ փակ են լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների առաջ, բայց պարզ է, թե այնտեղ ինչ է կատարվում առաջին հերթին խաղաղ բնակչության դեմ: «Այժմ Թուրքիայում կատարվում են գործողություններ, որոնք մենք շատ լավ հասկանում ենք, տեսել ենք, պատկերացնում ենք եւ զգացել ենք մեր կաշվի վրա: Այս ամենը չի կարող անհետեւանք մնալ եւ տարածաշրջանում սրացումները, Թուրքիայի ներսում եւ դրսում զարգացող պրոբլեմները ոչ թե հանգող, այլ զարգացող խնդիրներ են»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ եթե դրան գումարենք նաեւ փախստականների մեծ հոսքը նույնպես ավելացնում է անկայունության չափաքանակը:
Ըստ Բեքարյանի, Եվրոպայի գործողություններից չի զգացվում, որ պատրաստվում են որեւէ լուրջ եւ հիմնարար լուծում գտնել այդ հարցի ուղղությամբ, ինչը ոչ միայն նոր խնդիրներ է բերելու, այլեւ դառնալու է շահարկման առարկա:
«Սիրիայի հարցում Թուրքիայի ցանկությունների չիրագործվելը, Եվրոպայի հետ հարաբերություններում սրացումները, Ռուսաստանի հետ հարաբերություններում մերթընդմերթ սրացումներն ու ձնհալը բերել են մի վիճակի, որ եթե Արեւմուտքը որոշ ժամանակ առաջ Թուրքիային դիտել է որպես դաշնակից եւ կայունության ապահովման գործոն, այժմ Արեւմուտքի ընկալումները փոխվում են եւ Թուրքիան ավելի շատ ընկալվում է որպես անկայունության տարածք: Եթե սրան գումարենք հանգամանքը, որ տարածաշրջանային մրցակցության առումով էլ իրավիճակը տարբերվող է` հաշվի առնելով Իրանի դերն ու Արեւմուտքի հետ հարաբերությունների նորմալացումը, միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունները, ապա կա մի վիճակ, երբ ունենք բավական անկայուն հարեւան իր ներքին եւ արտաքին խնդիրներով»,-ասաց Բեքարյանը`շեշտելով, որ Թուրքիայում ահաբեկչությունների աճը նույնպես փոխկապակցված է վերոնշյալ գործոններով եւ մեր հարեւան երկրում հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները: Այս առնչությամբ Բեքարանը շեշտում է, որ Հայաստանը պետք է զգոն լինի, քանի որ կատարվելիքի մեծ մասը հենց մեր անմիջական հարեւանությամբ է տեղի ունենում: «Այս առումով մենք նաեւ որոշակի բարոյական պարտքի խնդիր ունենք: Խոսքս վերաբերում է բնիկ ժողովուրդների խնդրին, հատկապես այն ազգային փոքրամասնություններին` քրդերին, եզդիներին, ասորիներին: Մենք ազգ ենք, որ այս ամենն իր կաշվի վրա է զգացել եւ մեզանից լավ ոչ ոք չի կարող նրանց հասկանալ»,- ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ Հայաստանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով եւ ընդհանրապես մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման գործում ունի որոշակի պարտավորություններ: Այս առումով քաղաքագետը շեշտում է, որ Հայաստանն ունի լուրջ խաղաթուղթ. մեր երկիրը բազմաթիվ միջազգային կազմակերպությունների անդամ է եւ այդ կազմակերպությունների ամբիոններից կարող է բարձրաձայնել նրանց հարցերը: