Մարդկությունը չկարողացավ դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Հարլեմ Դեզիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը խոստովանում է, որ հոգին տակնուվրա է եղել, և լսած պատմություններից ինքը ցնցվել է:

Դեզիրը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, շեշտում է, որ Հայաստան այցելելով չէր կարող չգալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հատկապես, երբ այս տարի լրացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ իր երկրի նախագահը` Ֆրանսուա Օլանդը հենց այդ վայրում է ոգեկոչել նրանց հիշատակը:

«Փաստագրական տեղեկությունների շնորհիվ նախ ծանոթացանք այդ տարածաշրջանում ապրող մարդկանց կենսակերպին, տեղեկացանք մարտիրոսության ու նախճիրի մասին, որ տեղի ունեցավ սկսած 19-րդ դարից: Հետո արդեն վերջնակետում եղավ երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը: Ինչ-որ մի տեղ այս ամենը նաեւ միջազգային հանրության անտարբերության հետեւանք է: Չնայած բազում դիվանագետների, մտավորականների վկայություններին, աշխարհը թույլ տվեց այդ ցեղասպանությունը: Սա մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունն է` կազմակերպված մեթոդաբար ողջ պետութան կողմից` վարչական ապարատի ու բանակի ներգրավվածությամբ: Գաղափարախոսությունը մեկն էր` ոչնչացնել մի ամբողջ ազգ, ոչնչացնել նրա մշակույթը»,- ասաց Դեզիրը:

«Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք այսօր Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները չե՞ն փաստում, որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միակ տարբերակը կատարված ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է, Դեզիրն ասաց, որ կատարվածի հիշողությունը պետք է վառ պահել, քանի որ այն համամարդկային նշանակություն եւ հնչեղություն ունի:

«Մարդկությունը չկարողացավ դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից, եւ այսօր տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում: Հենց այս պատճառով հիշողությունը վառ պահելու աշխատանքը շատ կարեւոր է եւ համամարդկային հնչեղություն ու նշանակություն ունի: Պետք է շարունակել պայքարը բոլոր երկրներում` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այդ թվում, անշուշտ, նաեւ Թուրքիայում: Թուրքիան պետք է առերեսվի իր հիշողության հետ, ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան: Սա շատ կարեւոր է հաշտեցման համար եւ հենց սա է ֆրանսիայի ուղերձի իմաստը: Մենք բոլոր երկրներում հնարավորության սահմաններում արտահայտվում ենք հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,- վերջում ասաց Հարլեմ Դեզիրը:

Հարլեմ Դեզիրը Հայաստանում է` մասնակցելու Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին: Այցի շրջանակում Դեզիրը կլինի նաեւ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում եւ հանդիպում կունենա ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հայերեն العربية English Русский

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է զարգացնել Ամուլսարի հանքին կից իր ենթակառուցվածքները՝ պատրաստելով արհեստավարժ օպերատորներ

Ճամբարակ քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 51 ծրագիր է իրականացվել