ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանում իրավիճակը հոկտեմբերի 5-ի դրությամբ կայուն լարված է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` այս գիշեր մյուս օրերի համեմատ ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից ու ականանետներից չեն կրակել: «Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայ զնվորը առաջին գծում կանգնած իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:
Անդրադառնալով դիվանագիտական ու ռազմական միջոցառումներին` Սեյրան Օհանյանը նշեց, որ դրանք կատարվում են համահունչ, փոխկապակցված ու իրար հետ համաձայնեցված: «Երկար տարիների այդ աշխատանքի շնորհիվ է, որ մենք թեկուզ հարաբերական, բայց խաղաղ պայմանները կարողանում ենք ապահովել»,-շեշտեց պաշտպանության նախարարը:
Սեպտեմբերին ադրբեջանական կողմը լարվածություն էր հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` գնդակոծության թիրախում պահելով նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Հայկական գյուղերը նյութական լուրջ վնասներ են կրել, դպրոցներում դասերն ընդհատվել էին, դաշտերում որոշ ժամանակով անվտանգության նկատառումներով կանգ էր առել գյուղատնտեսական աշխատանքը: Ադրբեջանական կրակահերթերից վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, իսկ Բերդավան և Պառավաքար գյուղերում երեք քաղաքացիական անձ է սպանվել: