Յուրի Խաչատուրովը ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահներ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու կարիք չկա, քանի որ հայկական զինված ուժերը կարողանում են զսպել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները: Այս մասին ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: «Միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ և ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, գյուղերում, դիրքերում, թիկունքում, ինչի արդյունքում զոհվել են քաղաքացիական անմեղ անձինք: Մենք համարժեք պատասխան ենք տվել, ինչի արդյունքում նրանք լուրջ կորուստներ ունեն: Ի տարբերություն Ադրբեջանի, մենք գյուղերի խաղաղ բնակիչների վրա չենք կրակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Խաչատուրովը:
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում են բնակիչների հետ, հայտնում են ձեռնարկվող միջոցառումների մասին` ընդգծելով, որ շատ դժվար է հասարակությանը բացատրել, թե ինչու են զոհվում խաղաղ բնակիչները: Խաչատուրովը նկատեց, որ միջադեպերն ամբողջությամբ կանխել հնարավոր չէ, քանի որ հակառակորդը մեծացրել է զենքերի տրամաչափը և ականանետեր է կիրառում:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հատուկ ընդգծեց, որ հայկական կողմն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է հետ քաշել դիպուկահարներին, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր գործով, ներդնել հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմ, սակայն Ադրբեջանը հրաժարվում է։