6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է մեր ընտրանու ելույթներին և Դանիայի հետ այսօր կայանալիք մրցավեճին: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ:
UEFA.com – Հայաստանի հավաքականը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, և արդեն հստակ է, որ չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ի՞նչն է անհաջողության պատճառը:
Մխիթարյան - Այո', այժմ արդեն հաստատ չենք գնա Ֆրանսիա: Բայց իմ կարծիքով, գոյություն ունեն մի քանի օբյեկտիվ պատճառներ, իսկ գլխավորը՝ Հայաստանում ֆուտբոլի մակարդակն է: Որպեսզի ունենաս ուժեղ հավաքական, պետք է ունենալ հստակ կազմավորված մանկապատանեկան ֆուտբոլի համալիր: Յուրաքանչյուր տուն պետք է կառուցել հիմքից, իսկ ֆուտբոլում հիմքը հանդիսանում է հենց մանկապատենական ֆուտբոլը: Բացի դրանից, անհրաժեշտ է ունենալ Հայաստանի ուժեղ առաջնություն, որը կբացահայտի նոր անուններ, նոր ֆուտբոլիստներ: Մեր ներքին առաջնությունն ամենաբարձր մակարդակի չէ:
UEFA.com- Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Եվրոպայի 2012 և Աշխարհի 2014 թվականների առաջնությունների ընտրական փուլերում հավաքականի լավ խաղը:
Մխիթարյան - Համաձայն եմ, այն ժամանակ մենք լավ էինք խաղում և համապատասխանաբար ցույց էինք տալիս արդյունք: Սակայն կա մի «բայց»: Չորս տարի առաջ թիմի առջև պատվով հանդես գալու խնդիր էր դրվում: Անհաջողության դեպքում ոչ ոք չէր մեղադրում խաղացողներին նրանում, որ մենք դուրս չենք եկել խմբից: Երիտասարդ թիմը ներշնչվել էր և ցույց տալիս, որ պատրաստ է հրաշքներ գործել: Չկար այն հոգեբանական ճնշումը, որն առկա է այսօր: Եվրո-2016-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ մեր թիմի առջև դրվեց հստակ առաջադրանք՝ դուրս գալ խմբից: Դա լուրջ ճնշում է գործադրում, իսկ այժմ կարելի է ասել, որ դա խանգարում է խաղալ ամբողջ ուժով: Մեր թիմին մնացել է անցկացնել երկու խաղ Դանիայի և Ալբանիայի հավաքականների դեմ, գումարած Ֆրանսիայի հետ ընկերական խաղը: Կանենք ամեն ինչ, որպեսզի շրխկացնենք դուռը: Մրցաշարային վիճակն այժմ չի ճնշում, սակայն մենք կանենք առավելագույնը, որպեսզի միավոր ձեռք բերենք յուրաքանաչյուր խաղում: Մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք:
UEFA.com- Հնարավո՞ր է, որ նախորդ ընտրական փուլերում մրցակիցները ոչ միշտ էին հայերին լուրջ վերաբերվում:
Մխիթարյան - Դրանում ճշմարտության ինչ որ հատիկ կա, սակայն շատ աննշան: Ինչպես հայտնի է թույլ թիմեր սկզբունքորեն չեն մնացել, յուրաքանչյուրը դուրս է գալիս դաշտ հաղթելու հստակ առաջադրանքով: Մենք պարզապես լավ էինք խաղում, իսկ արդյունքը համապատասխանում էր խաղին:
UEFA.com- Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը կադրային խնդիրների պատճառով ոչ մի կերպ չէր կարողանում հավաքել օպտիմալ կազմ: Դա խանգարե՞ց թիմին խաղալ բարձր մակարդակով:
Մխիթարյան - Եթե շատ ես ցանկանում գտնել անհաջողությունների պատճառները, ապա դա կարելի է համարել դրանցից մեկը: Սակայն իմ տեսանկյունից, ֆուտբոլիստները, ովքեր փոխարինում են վնասվածք ստացածներին, պետք է խաղան նրանցից ոչ վատ: Միշտ ինչ-որ մեկը խաղը բաց թողնելու ռիսկ ունի, դա չի կարող արդարացման պատճառ լինել:
UEFA.com- Սերբիայի հավաքականի դեմ խաղում Դուք խաղում էիք հենակետային կիսապաշտպանի դիրքում: Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ դա թուլացրեց թիմի հարձակողական ներուժը, որին առջևում չէր հերիքում ագրեսիվություն…
Մխիթարյան - Այդ հարցը մեր մարզչին պետք է ուղղել: Դաշտ դուրս գալով, ես փորձում եմ օգնել թիմին, և կարևոր չէ, թե որ դիրքում եմ խաղում: Իհարկե, ես ինձ շատ ավելի լավ եմ զգում ենթահարձակվողի դիրքում: Բայց եթե թիմում կան խնդիրներ կազմի հետ կապված, ապա ընտրել հնարավոր չէ: Մարզիչները փորձում են նման փոխատեղումներով կարգավորել ողջ թիմի խաղը, իսկ ես փորձում էի առավելագույնս օգտակար լինել հենակետայինի դիրքում:
UEFA.com- Հայաստանի հավաքականը դեռևս խմբում առանց հաղթանակների է: Դա հոգեբանորեն խաղացողների վրա ճնշում չի՞ գործադրում:
Մխիթարյան - Չեմ կարծում, չէ՞ որ մենք Իսպանիան, Ֆրանսիան կամ Գերմանիան չենք, որպեսզի ամաչենք, որ չենք հաղթել 6 կամ 7 խաղ անընդմեջ: Իհարկե, երբ երկար ժամանակ չես հաղթում, ապա մեծանում է ճնշումը: Եվ ամեն դեպքում, չեմ կարծում, որ Դանիայի դեմ խաղում մեր ֆուտբոլիստների վրա կազդի պարտությունների այդ շարքը: Պետք է յուրաքանչյուր նոր օր փորձել հասնել հաջողության, և սեպտեմբերի 7-ը չպետք է բացառություն լինի:
UEFA.com- Հիմա շատերը կասկածում են, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հնարավոր է մոտիվացնել այս անհաջող արդյունքներից հետո: Եվ ամեն դեպքում, չնայած խմբում անհաջող ելույթներին, խաղացողների մոտ մոտիվացիա կա՞:
Մխիթարյան – Տարբեր մարդիկ խոսում և մտածում են տարբեր կերպ: Անձամբ ինձ համար հավաքականում մոտիվացիան միայն հաղթանակն է: Երբ մենք հաղթում ենք՝ բոլոր հայերի դեմքին ժպիտ է առաջանում, փողոցներում հնչում է երաժշտություն, մարդիկ տոնում են մեր հաջողությունը որպես իրենց անձնական խաղթանակ: Ի՞նչը կարող է դրանից լավ լինել: Դրա համար էլ այդ ժպիտներնինձ համար համարվում են ամենամեծ մոտիվացիան:
UEFA.com- Ի՞նչ կարող ենք սպասել հավաքականից դանիացիների դեմ խաղում սերբերի հետ մշուշոտ խաղից հետո:
Մխիթարյան - Սպասում եմ, որ մենք ավելի լավ ելույթ կունենանք, քան Սերբիայում: Հավատում եմ, որ Հայաստանի հավաքականի համար արդյունքը դրական կլինի: Հակառակորդը շատ ուժեղ է, բայց մենք սովոր ենք նման թիմերի դեմ խաղալ: Մենք պետք է մրցակցին մեր ֆուտբոլը թելադրենք: