Արցախ

Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությունը գտնվում է Արցախում

2 րոպեի ընթերցում

Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությունը գտնվում է Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով այս օրերին Ստեփանակերտում են Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին և Եվրախորհրդարանի, ԵԱԴ անդամ Ջորդի Սեբաստիան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺԿ լրատվական ծառայությունից, ԵԱԴ պատվիրակությունն իր հանդիպումները մեկնարկել է այսօր՝ Արցախի պետական համալսարանում, որտեղ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի համար դասախոսությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիան:

«Ինչպե՞ս լուսաբանել բնականոն կյանքը հակամարտության պայմաններում» թեմայով զեկույցում Ջորդի Սեբաստիան, մատնանշելով ԼՂ օրինակը, ընդգծել է, որ չնայած գոյություն ունի հակամարտության խնդիր՝ Արցախը կոնֆլիկտ չէ, և լուսաբանելիս շեշտադրում պետք է արվի առավելապես խաղաղ կյանքին, ձեռք բերված ժողովրդավարական արժեքներին, արժեքավոր պատմամշակութային ժառանգությանը և հարուստ խոհանոցին: Զեկուցողը առաջարկել է մշակել տեղեկատվական ոլորտի ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա աշխարհին ներկայացնել Արցախի առավելություններն ու ձեռքբերումները, դրանով իսկ մեծացնելով երկրի նկատմամբ հետաքրքրվածությունը:

«Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ, ինքնիշխան ապրելու իրավունքը և իր ժողովրդավարական արժեքներով կարող է օրինակ դառնալ այլոց համար»,- նշել է Ջորդի Սեբաստիան:

Հանդիպման ավարտին մասնակիցները բանախոսին հարցեր առաջադրելու հնարավորություն են ստացել:

Առաջիկա օրերին պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Արցախի իշխանությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ և մասնակցել Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներին:

Հյուրերին ուղեկցում է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Օչոան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում