Քաղաքականություն

Հնդկաստանի նախագահ Մուկերջին կարևորել է հայերի ունեցած դերը Հնդկաստանի կյանքի տարբեր բնագավառներում

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի նախագահ Մուկերջին կարևորել է հայերի ունեցած դերը Հնդկաստանի կյանքի տարբեր բնագավառներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն oգոստոսի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպանի առանձնազրույցը Հնդկաստանի նախագահի հետ:

Նախագահ Մուկերջիին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների կապակցությամբ։ Նախագահը նշել է երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացման համար զգալի ներուժի առկայությունը, ինչպես նաև հավաստել, որ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: Նախագահ Մուկերջին իր խոսքում ընդգծել Հնդկաստանի կյանքի տարբեր բնագավառներում պատմականորեն հայերի ցուցաբերած մասնակցության և դերակատարման նշանակությունը:

Դեսպան Մարտիրոսյանը իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է խորացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նա կարևորել է համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելել, որ Հայաստանը և Հնդկաստանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաև միջազգային ասպարեզում: Դեսպան Մարտիրոսյանը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել շփումերը զբոսաշրջային կարողությունների և գիտական ու համալսարանական փոխադարձ կապերի ընդլայնման և խորացման ուղղությամբ:

Զրույցի ավարտին Հնդկաստանի նախագահը խնդրել է ՀՀ դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հաջողություն մաղթելով դեսպան Մարտիրոսյանին իր գործունեության մեջ` Հնդկաստանի նախագահը հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում