Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Պերմյակովի դեմ գործ հարուցել նաև սահմանն ապօրինի հատելու և հափշտակությունների մասով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանները միանշանակ պատասխան չունեն այն հարցին, թե որտեղ պետք է պահվի 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վելերի Պերմյակովը հայկական կողմի դատաքննության ընթացքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով` այս պահին գործ ունենք կալանքի որպես խափանման միջոցի հետ, բայց երբ ռուսական կողմի դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, այդ ժամանակ Պերմյակովը պետք է պատիժ կրի: Իսկ թե որտեղ, հայտնի չէ:

«Պատիժը կրելու պայմաններ ռուսական ռազմաբազան ունի, թե ոչ, այս պահին անհայտ է: Խնդիր է ծագելու այն առումով, որ մի կողմից` պետք է Պերմյակովը պատիժ կրի, մյուս կողմից` նրա ներկայությունը պետք է ապահովվի հայկական կողմից իրականացվող դատաքննությանը: Թե ինչ լուծում կտրվի, այս պահին չենք կարող ասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Երեմ Սարգսյանը: Սակայն նա վստահություն հայտնեց, որ այն պայմանավորվածությունների համատեքստում, երբ նյութերը փոխանցվել է հայկական կողմին, այդ հարցի շուրջ էլ համաձայնություն ձեռք կբերվի: «Կարծում եմ` նրա ներակայությունը կապահովվի հայկական կողմի դատաքննությանը: Որտեղ կպահվի, ով նրան կներկայացնի դատարան, չգիտեմ: Իմ կարծիքով` ներկայությունը անպայման կապահովվի, որպեսզի դատավճիռ կայացվի, քանի որ առանց Պերմյակովի մասնակցության դատավճիռ ու դատաքննություն չի էլ կարող լինել, օրենսդրությամբ նման բան սահմանված չէ»,-հավելեց Երեմ Սարգսյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի տեղեկացմամբ` սպանության մասով գործը քննելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բայց թե որտեղ կանցկացվի բուն դատավարությունը, դեռևս պարզ չէ: «Խոսք է գնում այն մասին, որ ռուսական բազայի տարածքում է լինելու»,-ասաց Վարոսյանը: Լուսինե Սահակյանն էլ ավելացրեց, որ այնտեղ չկան բավարար պայմաններ դատավարություն անցկացնելու համար: «Մենք նախորդ դատավարությանը մասնակցեցինք ու տեսանք, որ պայմանները թույլ չեն տալիս լուրջ քանակի մարդ տեղավորել այնտեղ, լսելի չէր այն, ինչ խոսում էին: Սպանության մասը նման պայմաններում քննելն անհնար է: Մենք դեմ կլինենք նման պայմաններում դատավարություն անցկացնելուն»,-նշեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել քննչական մարմին, որ քննության առարկա դարձվի Պերմյակովի կողմից հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման փորձը: Նրա խոսքով` դատավարության ընթացքում հնչեցված նախաքննական ցուցմունքներից պարզ է դարձել, որ Պերմյակովն սահմանն ապօրինի հատելու դիտավորություն է ունեցել, հետևաբար, պետք է այդ մասով էլ գործ հարուցվի: «Բացի այդ, տուն մտնելով դիտավորություն է ունեցել որոշակի հափշտակություններ կատարել, դրանք ևս պետք է գործի մաս դառնան և մեղադրանք առաջադրվի հափշտակությունների, սահմանը հատելու հետ կապված»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանները նաև տեղեկացրին, որ իրենք միջնորդելու են, որպեսզի նշանակվի դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն հայկական կողմում` Պերմյակովի հոգեկան առողջության մասին համապարփակ տեղեկատվություն ստանալու համար:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ:

Հայ-ռուսական պայմանավորվածությամբ սպանության մասով գործը փոխանցվել է հայկական կողմին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում