Սփյուռք

«Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլին մասնակցում է 107 երիտասարդ

2 րոպեի ընթերցում

«Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլին մասնակցում է 107 երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը արիտունցիներին է փոխանցել նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք, բարով եք եկել: Կատարվել է ձեր նվիրական երազանքը: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները: Հավատում եմ, որ անկրկնելի ժամանակ կանցկացնեք ձեր պատմական հայրենիքում: Հավատում եմ, որ այս օրերը կդառնան ձեր կյանքի լավագույն, անմոռանալի երկու շաբաթը, և դուք կկարոտեք Հայաստանը, կմտածեք վերադառնալու մասին: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ջերմ, ուրախ, ակտիվ օրեր: Մենք ձեզ սիրում ենք և միշտ ձեզ հետ ենք լինելու այս օրերի ընթացքում»:

Արիտունցիներին ողջունել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Բագին» գրական հանդեսի խմբագիր, գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը: Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը հանդես է եկել Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունների կատարումով: Ելույթ է ունեցել Այրարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը` գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ:

«Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակցելու համար Հայաստան է ժամանել 107 երիտասարդ 13 երկրից՝ Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Քուվեյթից, Իսրայելից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում