«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովն ամփոփել է աշխատանքները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում աշխատանքները շարունակել է ՀՀ սփյուռքի նախարարության ևՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, նիստը վարել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և Բեյրութի «Բագին» ամսագրի գլխավոր խմբագիր Յակոբ Պալյանը:

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Սփյուռքի բաժնի արևմտահայերենի խմբի աշխատակից Սուսաննա Տիոյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Լոս Անջելեսի խմբի ուղերձը (ղեկավար` Արտեմ Սարգսյան): Ողջունելով համաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը՝ hեղինակներն արծարծել են իրենց պատկերացմամբ հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման խնդիրներն ու ուղիները, նրանք գտնում են, որ մերձեցումը գերազանցապես առնչվում է բառապաշարի ոլորտին, տերմինաբանությանը, նորաբանությունների ոլորտում կիրառվելիք սկզբունքներին, ուղղագրությանը և լեզվական այլ իրողությունների: Նրանք համոզմունք են հայտնել, որ գործընթացը չպետք է կայանա լեզվի ճյուղերից որևէ մեկի հաշվին: Խումբն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը նպաստող ձեռնարկներին:

Սուսաննա Տիոյանը ներկայացրել է նաև իր՝ «Արևմտահայերենի ուսումնասիրության մի քանի հարցեր» թեմայով զեկուցումը:

ՀՊՄՀ հայոց լեզվի տարրական ուսուցման ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանն անդրադարձել է արևելահայերեն գեղարվեստական վավերագրության արևմտահայերեն տարրերին:

Լիբանանահայ գրող, մանկավարժ, արևմտահայերեն դասագրքերի հեղինակ Հարություն Քյուրքճյանի «Արեւելաայերեն եւ արեւմտահայերեն լեզուաճիւղերի. Մերձեցումի կարելին ու անկարելին» թեմայով զեկուցումյն ընթերցել է Փարիզի «Նոր յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը: Զեկուցման հեղինակը՝ վկայակոչելով սեփական փորձը, ուղենշել է մերձեցման հնարավորությունները, որոնք հիմնված են հայոց լեզվի և հայ մշակույթի անվիճելի միասնության և նրա անցած բազմադարյա պատմության վրա:

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատակից Քնարիկ Աբրահամյանի զեկուցումն առնչվել է հանրակրթական դպրոցում արևմտահայերենի դասավանդման արդի մարտահրավերներին, նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիտարկումները:

«Այլ կերպ» խաղի հեղինակներ Էլինա Մելիքյանը, Անահիտ Հակոբյանը և Սոֆյա Խաչատրյանը (ԵՊՀ) պատկերաշարով ցուցադրել են մտավոր-ժամանցային խաղերի միջոցովհայերենի պահպանմանն ու կիրառմանը միտված իրենց ծրագիրը:

Հայաստանի հանրակրթական դպրոցներում արևմտահայերենի դասավանդման խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ԵՊԼՀ դասախոս Գայանե Գևորգյանը:

Ելույթ են ունեցել նաև սփյուռքյան կրթօջախների ուսուցիչներ՝ Փարիզի «Մկնիկ» աշխատանոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը («Արևելահայերենի և արևմտահայերենի միատեղ և զուգահեռ շփումն ու զարգացումը») և Լիբանանի Զմմառի Երանելի Իգնատիոս Մալոյեան Դպրեվանքի և Ս. Միքայէլ Ընծայարանի ուսուցչուհի Սօսէ Փիլավճեանը («Միթէ վերջին պոյետն եմ ես». Մայրենին անաղարտ պահել»):

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ Մայրանուշ Շահումյանն անդրադարձել է արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման ու միավորման վերաբերյալ տարբեր լեզվաբանների մոտեցումներին, բանավեճերին ու կարծիքներին, մասնավորապես խնդրի վերաբերյալ Հր. Աճառյանի աշխատություններում տեղ գտած ուսումնասիրություններին ու արծարծումներին:

Զեկուցումների շարքը եզրափակվել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Քարտաշյանի «Դիտարկումներ արդի արևմտահայ իրականության մեջ գործառվող անձնանունների վերաբերյալ» հետազոտության ներկայացմամբ:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Համաժողովի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ խոսքով հանդես են եկել իրենց տպավորությունները, դիտողություններն ու առաջարկները ներկայացրեցին Սուրեն Դանիելյանը, Հիլդա Փանոսյան-Գալֆայանը, Նշան Որբերյանը, Հակոբ Պալյանը, Ժիրայր Չոլաքյանը, Մանվել Ադամյանը և այլք:

Մասնակիցների հարցերին պատասխանել են Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Ամփոփիչ խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն է հայտնել համաժողովի մասնակիցներին, որ ընդառաջել են հրավերին և իրենց փորձը, կարողություններն ու հնարավորությունները ներդնելու պատրաստակմությամբ եկել մասնակցելու այս չափազանց կարևոր ձեռնարկին, հանդես եկան դիտողություններով, առաջարկություններով ու նոր գաղափարներով, ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին:

Նախարարը նշել է, որ սա սկիզբ էր, թերևս առաջին գործնական քայլն էր, որ արվեց հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման ուղղությամբ: Խնդրի լուծման նպատակով հաջորդ քայլը պետք է լինի երեք տարբեր հանձնախմբերի ստեղծումը, որոնք՝ օգտագործելով տեղեկատվական արդի հնարավորությունները կաշխատեն տարբեր եղանակներով, նիստեր կհրավիրեն, կկազմակերպեն քննարկումներ, կհրապարակեն հոդվածներ և կներկայացնեն կոնկրետ առաջարկներ ու խնդիրների լուծման ուղիներ:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ