Տնտեսություն

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը քննարկել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության հարցը և հորդորել շարունակական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին ուղղված ծրագրերին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի մամուլի ծառայությունից, հանձնաժողովը մասնավորապես առաջարկել է 20 մլն 60 հազար դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել Հայաստանին, 1 մլն 700 հազար դոլարի ռազմական օգնություն և 600 հազար դոլար` Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման ծրագրի համար:

Արդբեջանի և Վրաստանի համար առաջարկվում է հատկացնել, համապատասխանաբար, 8 մլն 778 հազար և 54 մլն դոլար տնտեսական աջակցություն: Նախորդ տարիների նման, Սենատի հատկացումների հանձնաժողովը կոչ է պահպանել հավասարակշռությունը Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում: Միաժամանակ մտահոգություն է հայտնել Արդբեջանում Մարդու իրավունքների, ժողովորդավարության և կոռուպցիոն իրավիճակի մասին:

2016 թվականի ֆինանսական տարվա ԱՄՆ արտաքին հատկացումների բանաձևին կցված զեկույցում նշվում է, որ հանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը հակամարտության հետևանքով տուժած անձանց օգնելու և առաջացած կարիքները հոգալու համար: «Օգնության այս ծրագիրն ուղղված է մարդասիրական կարիքները հոգալուն և խորհրդանշում է Ամերիկայի համերաշխությունն Արցախի բնակչության ժողովրդավարական նկրտումներին: Մենք շատ գոհ ենք, որ սենատոր Մարկ Քըրքին հաջողվեց արդյունավետ աշխատել հատկացումների հանձնաժողովի նախագահ Գրահամի և իր մյուս կոլեգաների հետ այս կարևոր հարցի շուրջ»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

ԱՄՆ օրենսդիրները նաև ընդգծել են շարունակական և ընդլայնվող օգնության տրամադրման կարևորությունն Արցախի ոչ սահմանամերձ շրջաններին:

Հանձնաժողովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից մահացության աստիճանն ամենաբարձրերից է աշխարհում և որ ականազերծման ծրագիրը արդյունավետ է եղել այն տարածքներում, որտեղ իրականացվել է: Այն նաև մտահոգություն է հայտնել, որ ականազերծման ծրագրերն իրականացվում են սահմանափակ տարածքներում և առաջարկել է շարունակել ֆինանասավորումը դրա տարածքային ընդլայնման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում