Սփյուռք

Բժիշկ Ջոն Հովհաննես Օյունջյանը պարգևատրվել է «Պողոս Նուբար» մեդալով

3 րոպեի ընթերցում

Բժիշկ Ջոն Հովհաննես Օյունջյանը պարգևատրվել է «Պողոս Նուբար» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 9-ին ընդունել է ամերիկահայ բժիշկ Ջոն Հովհաննես Օյունջյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ սփյուռքի նախարարը կարևորել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի ազգանվեր գործունեությունը սփյուռքում և Հայաստանում:«Դուք մեծ դերակատարություն եք ունեցել Հայաստանի կրթական համակարգի մեկենասության գործում: Փառք ու պատիվ Ձեզ: Կրթությունն է մեր ազգի գլխավոր զենքը, մենք գիտելիքով պետք ներկայանանք աշխարհին: Մեր նախարարությունն իր խոնարհումն է բերում բերում Ձեզ»,-նշել է նա:

Բարձր գնահատելով Ջոն Հովհաննես Օյունջյանի ավանդը Հայաստանում և սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրել է նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Օյումջյանը նշել է. «Փափագս այն է, որ Հայաստանն ավելի հզոր ու գեղեցիկ դառնա, մարդիկ աշխատանք ունենան ու մնան այստեղ»: Եվ վերջում ավելացրել է. «Ես բժշկության մեջ ինչ որ շահել եմ Հայաստան եմ բերել»: Հովհաննես Օյունջյանը ծնվել է 1922-ին, Ստամբուլում: Երկար տարիներ որպես ազգային բարերար ծառայել է իր ժողովրդին: Ջոն Օյունջյանի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է Գյումրու թիվ 21 միջնակարգ դպրոցը՝ վերածվելով «Օյունջյան» ուսումնական համալիրի: Բարերարը օգնում է նաև դպրոց-վարժարանի շրջանավարտ սաների բարձրագույն կրթությունը կազմակերպելու հարցում: Նրա նյութական աջակցությամբ արդեն հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն: Գյումրիում շուտով կբացվի «Վարդուհի» արվեստի դպրոցը, որի եռահարկ շինությունն ունի բոլոր հարմարությունները գյումրեցի փոքրիկների անվճար կրթությունը և գեղագիտական դաստիարակությունը բարձր մակարդակով իրականացնելու համար: Ընդհանուր առմամբ բարերարն արդեն 6 միլիոն դոլարի ներդրում է կատարել Հայաստանում: Ջոն Հովհաննես Օյունջյանը Գյումրու Պատվավոր քաղաքացի է, 2000թ. պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով, 2011թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում