Արցախ

The Huffington Post-ը հոդված է հրապարակել հրապարկել արիության «Ավրորա» մրցանակի մասին

8 րոպեի ընթերցում

The Huffington Post-ը հոդված է հրապարակել հրապարկել արիության «Ավրորա» մրցանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականը հրապարկել է «100 Lives» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ «Enough» նախագծի հիմնադիր տնօրենՋոն Փրենդերգասթի հոդվածը «Ավրորա» մրացանակի մասին: «Բաց մարտահրավեր. գտնել մարդկայինն անմարդկայինի մեջ» խորգարով հոդվածում հեղինակները կոչ են անում օգնել գտնելու արիության բացառիկ օրինակների դեռևս անհայտ պատմություններ, որոնք կյանքեր են փրկել և անգամ շրջել են պատմության ընթացքը:

Նշվում է, որ «100 Lives»-ը ստեղծվել է հենց այդ նպատակով: «Սարսափելի վտանգների առջև սխրանքներ գործող անհատներին մեծարելու, նրանց մեր երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաև մարդասիրության վառ դրսևորումներ պարունակող պատմություններն ի հայտ բերելու ու հրապարակելու նպատակով այս տարի մարտին մենք հայտարարեցինք «Ավրորա» մրցանակի հիմնադրման մասին: Համաշխարհային այս նոր մրցանակը կշնորհվի այն անհատներին կամ խմբերին, որոնք անգամ ծանրագույն պայմաններում վճռականորեն շարունակել են մարդկային կյանքերի փրկությանն ուղղված իրենց գործունեությունը»,-գրել են հեղինակները:

Հոդվածի հայերեն թարգմանությունը «Արմենպրես»-ը ներկայացվում է ստորեւ.

«Այսօր Սուդանում մարդասիրական օգնության ծայրահեղ կարիք ունի մոտ 7 միլիոն մարդ՝ երկրի որոշ շրջաններում սեփական իշխանությունների կողմից ենթարկվելով ռմբակոծությունների, բռնության և թալանի ամենօրյա սարսափի: Միավորված Ազգերի Կազմակերպությունը դատապարտել է Էրիթրեայի իշխանություններին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, որոնք երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների արտագաղթի պատճառ են դարձել: Սիրիայի բնակչության գրեթե կեսը տեղահանվել է կամ ստիպված է եղել գաղթել երկրից: Հարևան Իրաքում վիճակը նույնպես հեռու է խաղաղ լինելուց. այնտեղ ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից ամեն օր զանգվածաբար խաղաղ բնակիչներ են ահաբեկվում և սպանվում:

Խեղելով միլիոնավոր անհատական կյանքեր ու ճակատագրեր՝ նման ողբերգությունները վտանգի տակ են դնում ողջ մարդկության ապագան: Իշխող վարչակարգերի կողմից իրենց պաշտպանությանը հանձնված բնակչության նկատմամբ վայրագության դրսևորումները քաղաքական իրողություն են դարձել: Եվ երբ նման հանցագործությունները կանխվում կամ ձախողվում են, դա տեղի է ունենում այն անհատների շնորհիվ, ովքեր անգամ ամենածանր պայմաններում չեն վախենում վճռական ու ճիշտ քայլերի դիմելուց: Դա հենց այն չտեսնված, աննկարագրելի խիզախության պատմությունն է, որը պետք է հայտնի դառնա ողջ հանրությանը: Եզակի այս դրվագները պատմելով ՝ մենք նպատակ ունենք մեծարելու դրանց հերոսներին և հավատք սերմանելու բարության ուժի նկատմամբ: Վճռական ու անվեհեր լինելով՝ անձնուրաց անհատականություններն անտեսում են սեփական անվտանգությունը, հաղթահարում են վախը և մնացածներին պարգևում ապրելու և բարգավաճելու բերկրանքը:

Նման սխրագործությունները չունեն ժամանակ կամ աշխարհագրություն: Նեպալի երկրաշարժի արհավիրքում մի դեռահասի օգնությամբ իր հետ նույն որբանոցում դաստիարակվող 55 երեխայի կյանք փրկվեց: Էբոլա վիրուսով վարակված և այն բարեբախտաբար վերապրած բրիտանացի բուժաշխատողն իր բժշկական թիմի կողմից թույլտվությունն ստանալուն պես անմիջապես վերադարձավ համաճարակի առաջին գիծ՝ Սիերա Լեոնե՝ պատճառաբանելով դա Արևմտյան Աֆրիկայի բնակչությանը բուժօգնության ցուցաբերումը շարունակելու անհամբերությամբ: Այսօր, 21-րդ դարի առաջին ցեղասպանության ճակատային գծում, բազմաթիվ դարֆուրցիներ շարունակաբար վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելով հարևաններին:

Իսկ մեկ դար առաջ, 1,5 միլիոն հայի կյանք խլած Մեծ եղեռնի ժամանակ, նորվեգացի մի միսիոներ ապաստան տվեց հայ երեխաներին՝ անգամ իր հովանավորությամբ գործող որբանոցը հրդեհվելուց հետո: Սեփական կյանքը փրկելու համար փախուստի դիմելու փոխարեն այդ խիզախ կինը որոշեց մնալ՝ միայնակ փրկելով հարյուրավոր կանանց ու մանուկների կյանքեր: Հարյուրամյա այս պատմության իմաստն արդիական է մնում նաև մեր օրերում: Իր կողմից փրկված մանուկներն արդեն թոռներ ունեն, սակայն շարունակ երախտապարտ են իրենց կյանք պարգևած այդ անհայտ կնոջը:

Ազգույթյամբ հայ Նուրել Բեյլերյանը նույնպես երախտագիտությամբ է հիշում իր ընտանիքի անցյալը: Նուրելի հորն, ով 1915 թ-ին թուրքական բանակի զինվոր էր, հաջողվեց զգուշացնել հարազատներին ահագնացող վտանգի մասին: Բացի այդ, նա մասնակցեց մի քանի այլ հայ ընտանիքների փրկության գործին: Հայ գաղթականներով բեռնված գնացքը մոտենալուն պես, նա, վտանգելով սեփական կյանքը, բացել է վթարային մտոցը և ազատ է արձակել հայերին, իսկ իր վերադասը՝ թուրք սերժանտը, պատժի չի ենթարկել նրան դրա համար: Նուրելը երախտագիտությամբ է հիշում այդ դրվագը. «Անգամ այսօր ես հաճախ մտածում եմ այդ թուրք սերժանտի մասին: Նա բազմաթիվ մարդկանց կյանքեր է փրկել, ովքեր այլապես դատապարտված էին մահվան: Մենք պարտավոր ենք պատմել իր և իր նման մարդկանց պատմությունները»:

Մեր նախաձեռնությունը՝ «100 Lives»-ը, ստեղծվել է հենց այդ նպատակով: Մենք պետք է լսենք այդ բոլոր պատմությունները և ճանաչենք ու մեծարենք դրանց հերոսներին: Նրանց օրինակը մեզ հույս ու կյանք է ներշնչում՝ հուշելով, որ ցանկացած ոք կարող է շոշափելի քայլեր ձեռնարկել մարդկային տառապանքներն ամոքելու ուղղությամբ:

Սարսափելի վտանգների առջև սխրանքներ գործող անհատներին մեծարելու, նրանց մեր երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաև մարդասիրության վառ դրսևորումներ պարունակող պատմություններն ի հայտ բերելու ու հրապարակելու նպատակով այս տարի մարտին մենք հայտարարեցինք «Ավրորա» մրցանակի հիմնադրման մասին: Համաշխարհային այս նոր մրցանակը կշնորհվի այն անհատներին կամ խմբերին, որոնք անգամ ծանրագույն պայմաններում վճռականորեն շարունակել են մարդկային կյանքերի փրկությանն ուղղված իրենց գործունեությունը:

Մրցանակի հետ միասին հաղթողին կշնորհվի 100 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար, իսկ նրա մարդասիրական գործունեության համար ներշնչանքի աղբյուր հանդիսացած բարեգործական կազմակերպությանը՝ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Սա համահունչ է «Ավրորա» մրցանակի ոգուն և կնպաստի նվիրաբերության շղթայի անընդհատությանը:

Այսպիսով, մրցանակը միտված է անցյալի և ապագայի միջև ամուր կապի ստեղծմանը՝ վեր հանելով և մեծարելով անձնազոհության ցայտուն օրինակները և միաժամանակ սատարելով մարդասիրության մերօրյա դրսևորումներին ու ձևավորելով մարդասիրության սկզբունքներով առաջնորդվող հասարակություն: Մրցանակը կդառնա մի հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի ֆինանսավորել վճռականությամբ, խիզախությամբ և անսահման մարդասիրությամբ դրդված ապագա սխրանքները:

Օգնեք մեզ գտնել և վեր հանել արիության բացառիկ օրինակներ պարունակող դեռևս անհայտ պատմությունները, որոնք շատերի կյանքերն են փոխել և անգամ շրջել են պատմության ընթացքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում