3 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ՏԱՍՍ գործակալությունում բացվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԱրմՏԱԳ-ի` Հայկական հեռագրական գործակալության (ներկայումս`«Արմենպրես» լրատվական գործակալություն) նախաձեռնությամբ ստեղծված պլակատների ցուցադրությունը: «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը ողջունում է ՏԱՍՍ-ի պատուհանում «Արմենպրես»-ի պլակատների ցուցադրությունը` համարելով այն գործընկերային բարձր մակարդակի արտացոլում: «Կարևոր է, որ Հաղթանակի 70-ամյակի հոբելյանական տարում նման ցուցահանդես է բացվում Մոսկվայի կենտրոնում, որն արտահայտում է թե գործակալությունների բարեկամական կապը, թե միասնական հաղթանակի նկատմամբ վերաբերմունքը»,-ընդգծեց Անանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովին` ցուցադրության առաջարկն անմիջապես ընդունելու եւ կարեւորագույն այս նախագիծը կյանքի կոչելու համար:
«Արմենպրես»-ը ևս փոխադարձության սկզբունքով իր ցուցահանդեսներում ներկայացրել է ՏԱՍՍ-ի պլակատները: Բոլորովին վերջերս` հունիսի 24-ին, Երևանի երկաթուղային կայարանի նախասրահում բացվեց «ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատների ցուցադրությունը, ինչպես նաև «Արմենպրես»-ի ու ՏԱՍՍ-ի արխիվային և բացառիկ պլակատներն ու լուսանկարները: Հավաքածուի մյուս մասը ցուցադրվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Հայկական հեռագրական գործակալությունը պլակատների թողարկման գործում, որը տևել է մինչև 1943 թվականի կեսերը, ընդգրկել էր Երևանում գտնվող լավագույն նկարիչներին` Սերգեյ Արուտչյանին, Աշոտ Մամաջանյանին, Սեդրակ Ռաշմաջյանին, Լևոն Գենչին, Շավարշ Հովհաննիսյանին, որոնք պատրաստել են 112 պլակատ, որոնց տեքստերը գրել են բանաստեղծներ Նաիրի Զարյանը, Սուրեն Վահունին և Արտյոմ Շահբազը (Արտավազդ Շահբազյանը 1941թվականի աշնանը զորակոչվել է բանակ և զոհվել ռազմաճակատում) և Նորա Ադամյանը: Հրատարակվող պլակատները 1943 թվականին ընդունվել են պահպանության պետական արխիվ: Առաջին անգամ դրանց մի մասը ցուցադրվել է 2010 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 65-ամյակին: