Սփյուռք

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցի հարուցումն աննախընթաց է Թուրքիայի դատական պատմության մեջ

3 րոպեի ընթերցում

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցի հարուցումն աննախընթաց  է Թուրքիայի դատական պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցովՍիսի կաթողիկոսարանի վերադարձի գործընթացի զարգացումների քննարկման շրջանակում հուլիսի 1-ի առավոտյան Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի կազմակերպած մամուլի ասուլիս՝ հայ ու լիբանանյան մամուլի ներկայացուցիչների ու լրագրողների ներկայությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Բաժանմունքի պատասխատանու Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոյանը ներկայացրել է բանախոսներին` կալվածքային հարցերի պատասխանատու Ջեմ Սոֆուօղլուին, Հայոց ցեղասպանության ոլորտի մասնագետ Թաներ Աքչամին, Լիբանանի համալսարանի դասախոս Նորա Բայրագտարյանին:

Ասուլիսի ընթացքում Նորա Բայրագտարյանը նշել է Սիսի կաթողիկոսարանի հարցով դատական հայցի հարուցմանն առնչվող քայլերը: Նա շեշտել է Սիսի կաթողիկոսության խորհրդանշական կարևորությունը հայ ժողովրդի համար` ընդգծելով, որ ապրիլի 27-ին ներկայացված դատական հայցի վերաբերյալ Թուրքիայի Սահմանադրական դատարանը պետք է առավելագույնն 90 օրվա ընթացքում ձեռնարկի այս հարցի քննարկումը, այլապես հարցը պետք է ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ջեմ Սոֆուօղլուն անգլերենով ներկայացրել է Սիսի կաթողիկոսարանի դատի ներկայացմանն առնչվող պայմանները, դժվարությունններն ու հնարավորությունները: Նա ընդգծել է, որ այս հայցի հարուցումն աննախընթաց քայլ է թուրքական կալվածքային և դատական պատմության մեջ:

Իր հերթին Թաներ Աքչամը նշել է, որ այս հարցի վերաբերյալ ավելի քան 2 հազար փաստաթղթեր կան օսմանյան արխիվների մեջ: Նրա խոսքով՝ օսմանյան իշխանությունները հատուկ կարևորություն են տվել Սիսի կաթողիկոսությանն` այն համարելով հայ ժողովրդի հոգեմտավոր կրոնական կարևոր կենտրոն բոլորովին անկախ Պոլսի և Էջմիածնի հոգևոր կենտրոններից: Նա մեջբերել է Թալեաթի և Ջեմալ փաշայի միջև փոխանակված մեկ նամակը, որտեղ շեշտվել է, թե գրեթե անկարելի է հիմնովին ջնջել Սիսի կաթողիկոսարանը` նկատի ունենալով նրա ճակատագրական կարևորությունը հայության համար:

Ապա բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում