Սփյուռք

Շվեյցարիայի թեմի Սբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը նոր կազմ է ձևավորել

3 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի թեմի Սբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը նոր կազմ է ձևավորել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակնօրյա պատարագից հետո հունիսի 21-ին Ժնև և Լեման շրջանի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցու տարեկան ընդհանուր ժողովը, որի հիմնական նպատակը ծխական խորհրդի ընտրությունն էր և նախորդող շրջանի խորհրդի գործունեության հաշվետվության քննումը:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, չնայած նախկինում եկեղեցու կառավարման շուրջ Շվեյցարիայի հայկական համայնքում տարաձայնություններ էին առաջացել, վերջին երեք տարիների ընթացքում ծխական խորհուրդը բավական լուրջ աշխատանք էր տարել դրանք հարթելու և համայնքի ու եկեղեցու աշխատանքները բնականոն ընթացքի վերադարձնելու, համայնքը եկեղեցու շուրջ վերամիավորելու ուղղությամբ: Այս գործում քիչ չէ նաև մեկ ու կես տարի առաջ Շվեյցարիայի Թեմի Առաջնորդական Տեղապահ նշանակված Վարդապետ Գուսան Ալջանյանի դերակատարությունը:

Մի քանի հաջող ձեռնարկներ կազմակերպելու, ծխի անդամներից անդամավճարներ ու դրամաշնորհներ ներգրավելու միջոցով խորհուրդը բարելավել է նաև եկեղեցու տնտեսական վիճակը` հաջորդ խորհրդին թողնելով նշանակալից ավելցուկով բյուջե:

Տարեկան ընդհանուր ժողովն անցել է կառուցողական քննարկումների մթնոլորտում, համայնքի մաս կազմող և տարբեր ծագում ու արմատ ունեցող հայերով լեցուն սրահում: Համայնքի ավագ անդամները հիշեցրել են, որ համայնքն ունեցել է դժվար ու պառակտված օրեր, երբ վտանգված է եղել անգամ Սբ Հակոբ եկեղեցու և համայնքային կենտրոնի նկատմամբ Հայ Առաքելական եկեղեցու տիրապետության հարցը, սակայն այսօր համայնքը թևակոխել է բնականոն զարգացման փուլ, իսկ եկեղեցու դռները մշտապես բաց են շրջանի բոլոր հայորդիների համար, որոնց ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը անհրաժեշտ է և բոլորի կողմից սպասված:

Բաց կոչ է արվել բոլոր նրանց, ովքեր նախկինում առաջացած լարումների պատճառով ակտիվություն չեն ցուցաբերել եկեղեցու և համայնքի առօրյայի կազմակերպման գործում, նորից միանալ իրենց հայրենակիցներին եկեղեցու կամարների տակ և միացյալ ուժերով աշխատել համայնքի շենացման ուղղությամբ:

Ժողովի ընթացքում ձևավորված նոր ծխական խորհրդի կազմը նախորդից ավելի ընդգրկուն է. ընտրվել են ինչպես համայնքային կառավարման հարուստ փորձ ունեցող ավագ անդամներ, այնպես էլ` երիտասարդներ, ինչպես գաղութում տասնամյակներ ի վեր բնակվող ստամբուլահայեր, այնպես էլ Հայաստանից ու Սիրիայից նորեկներ, և նույնիսկ իր հայկական արմատներին վերջերս Սուրբ Մկրտության միջոցով վերադարձած դերսիմահայ գերդաստանի ներկայացուցիչ:

Ընդհանուր առմամբ` ժողովը մասնակիցների կողմից գնահատվել է որպես արդյունավետ, և առավելագույնն է արել համայնքային կառավարման նորընտիր մարմնի համար ժողովրդավարության և բազմակարծության վրա հիմնված ընթացք ապահովելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում