«Հաղթանակի գեներալները». Բագրատ Առուշանյան
4 րոպեի ընթերցում

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է գեներալ-լեյտենանտ Բագրատ Իսահակի Առուշանյանին:
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Բագրատ Իսահակի Առուշանյանը ծնվել է 1903 թվականի փետրվարի 27-ին Հին Գորիսում (այժմ՝ Սյունիքի մարզի գյուղ Վերիշեն): Վաղ հասակում պատանի Բագրատը տեղափոխվել է Աշխաբադ: 1923 թվականին Բագրատը զորակոչվել է Կարմիր բանակ: 1926 թվականին հայկական ռազմական դպրոցն ավարտելուց հետո Բագրատ Առուշանյանը ծառայել է հայկական լեռնահրաձգային դիվիզիայում (մինչև 1932 թ.) որպես վաշտի, ապա գումարտակի հրամանատար: Որոշ ժամանակ անց նա նշանակվել է 1-ին գնդի դպրոցի պետ: 1936 թվականին ավարտելով Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան` ստանում է գնդապետի կոչում: Ըստ՝ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» (Ե., 2009) գրքի:
Հայրենական մեծ պատերազմ
Որպես բանակի կորպուսի շտաբի պետ նա մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: Հայրենական մեծ պատերազմի նախօրեին` 1940 թվականին Բագրատ Առուշանյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Հայրենական պատերազմի սկզբից 56-րդ բանակի շտաբի պետ Բագրատ Առուշանյանը մասնակցել է Պերեմիշլի, Կարպատների Զերնիզիցի շրջաններում, ապա Ռոստովի ուղղություններում ընթացող մարտերին:
1943 թվականին 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատար գեներալ-մայոր լինելով առաջին Մերձբալթյան, հետագայում նաև երրորդ Բելառուսական ռազմաճակատներում բանակի հրամանատարի տեղակալ` Բագրատ Առուշանյանը մասնակցել է Վիտեբսկից մինչև Տելզիտ ու Նեման, Արևելյան Պրուսիայում, Զեմլյանսկի թերակղզում մինչև Բալթիկ ծովի ափը ձգվող մարտերին (Մարշալ Բաղրամյանի հրամանատարության ներքո):
Մերձբալթյան և Արևելյան Պրուսիայի դժվարին մարտերում գեներալ-մայոր Բագրատ Առուշանյանի հրամանատարությամբ 11-րդ գվարդիական հրաձգային կորպուսը գերազանց կատարեց մարտական առաջադրանքները, ինչի համար պարգևատրվեց Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ մի քանի տասնյակ ռազմիկներ արժանացան ԽՍՀՄ հերոսի կոչման, հազարավոր մարտիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 1945 թվականին գեներալ-մայոր Բագրատ Առուշանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում: Ըստ՝ А. Меружанян, «Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге» (Санкт-Петербург, 2014) գրքի:
Հետպատերազմյան շրջան
Հետպատերազմյան շրջանում գեներալ-լեյտենանտ Բագրատ Առուշանյանն ուսանում է Գերագույն շտաբի ռազմական ակադեմիայում, որն ավարտելուց հետո (1948 թ.) սկսում է դասախոսել նույն ակադեմիայում:
Գեներալ-լեյտենանտ Բագրատ Առուշանյանը մահացել է 1994 թվականի հոկտեմբերի 19-ին Մոսկվայում:
Պարգևները
Բագրատ Առուշանյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի երեք, Լենինի, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: Ըստ՝ ԿլիմենտՀարությունյան,«ՀայժողովրդիներդրումըՀայրենականպատերազմի հաղթանակում1941-1945թթ.» (Ե., 2010) գրքի: