Իրավունք

Կառավարությունը նախատեսում է բարելավել այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմները

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է բարելավել այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների բարելավմանն ուղղված քայլեր է ձեռնարկում: Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում կբարելավվեն վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները: «Քաղաքացիական օրենսգրքով առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է, որ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վեճերը կարող են լուծվել նաև առևտրային արբիտրաժի կողմից: «Արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունները ուղղված են առաջին հերթին ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍՏՐԱԼԻ մոդելային օրենքի դրույթների և սկզբունքների համապատասխանեցմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մկրտչյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական հենք ձևավորեց Հայաստանում արբիտրաժային գործընթացի իրականացման համար: Այդուհանդերձ, արբիտրաժային մեծ փորձ և մշակույթ չունեցող երկրների համար արբիտրաժը խթանելուն ուղղված շարունակական և համակարգված քայլեր են անհրաժեշտ: Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի ինստիտուտը կայացնելու համար դեռևս առկա է թե որակյալ արբիտր մասնագետների և թե դատարանների կողմից արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման, չեղյալ ճանաչման, արբիտրների նշանակման եւ դատարանների կողմից արբիտրաժի նկատմամբ վերահսկողության այլ ոլորտներում ձևավորված փորձի պակաս: «Այս խնդիրների լուծման համար հաջորդ փուլում նախատեսվում է մի շարք միջոցառումների իրականացում, այն է` արբիտրների ուսուցում, դատավորների համար թեմատիկ դասընթացների ներառում, ինչպես նաև ճանաչված միջազգային արբիտրների մասնակցությամբ օրինակելի արբիտրաժների իրականացում»,- ասաց Մկրտչյանը:

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների կատարումը նախ եւ առաջ պայմանավորված է վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առևտրային արբիտրաժի ինստիտուտը կատարելագործվելու համար: Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առավել հեռանկարայիններից մեկը, հատկապես տնտեսական, առևտրային վեճերը աստիճանաբար քննության առարկա են դառնում հենց արբիտրաժային տրիբունալների կողմից:

Առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, «Սպառողների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ ընտանեկան օրենսգրքում` արբիտրաժի միջոցով ծագած վեճերը լուծելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում